Բաժիններ՝

Լոնդոնը եւ Փարիզը կուժեղացնեն պարեկումը Լա Մանշում անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սուելա Բրավերմանը եւ նրա ֆրանսիացի պաշտոնակից Ժերալդ Դարմանենը նոյեմբերի 14-ին համաձայնագիր են կնքել, որով նախատեսվում է համագործակցության ընդլայնում Լա Մանշի նեղուցով անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործում: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը:

Նոր համաձայնագիրը ենթադրում է Լա Մանշում պարեկման ուժեղացում 40 տոկոսով, ընդ որում՝ առաջին անգամ պարեկման մեջ գործի կդրվեն բրիտանացի մասնագետները:

Նաեւ պլանավորվում է լրացուցիչ միջոցների հատկացում Ֆրանսիայի նավահանգստային ենթակառուցվածքին, անօդաչուների օգտագործում միգրանտներ փոխադրող մակույկները հայտնաբերելու համար եւ միջեվրոպական համագործակցության ընդլայնում անօրինական միգրացիային հակազդելու ոլորտում:

Այս տարվա սկզբից Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա են տեղափոխվել շուրջ 40 հազար անօրինական միգրանտներ, որոնք Լա Մանշի նեղուցը հատել են փրկարարական լաստերով եւ մակույկներով: 2021 թվականին Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ սահմանը լողամիջոցներով հատել է ավելի քան 23 հազար մարդ, ինչն զգալիորեն ավելի է, քան 2020 թվականին (8404 մարդ), եւ շատ ավելի, քան նախահամավարակյան տարիներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս