Դժոխքի նոր մարքետինգը․ Աղասի Ենոքյան

Հեքիաթ

ԲԱԲԱ ՅԱԳԱՅԻ ՍԵՐԸ

Բաբա Յագան քաղաքական հանգամանքների բերումով հայտնվեց Դժոխքի VIP գոտում։ Նա իր համար հարմար ապրում էր Մութ Անտառի խորքում, էկոլոգիապես մաքուր տարածքում, դիզայներական հրաշալի լուծումներով հայտնի իր խրճիթում, սակայն Լյուցիֆերի (1) առաջարկը տակնուվրա արեց նրա հովվերգական առօրյան։

Յագան իր վրա էր վերցրել իր կարծիքով կարևոր առաքելություն՝ նա բաժանում էր մարդկանց Մութ Անտառից։ Անգամ նրա տունը՝ հայտնի խրճիթը, արտաքինից սարսափելի էր, ուներ հավի ոտքեր ու հավի ճանկեր, բայց կար նաև ձայնով կառավարման համակարգ, և Յագայի հրամանով այն կարող էր պտտվել իր առանցքի շուրջը և կանգնել անհրաժեշտ անկյան տակ։ Միաժամանակ, չնայած հնաոճ դիզայնին, զարհուրելի տեսքին ու հավի ոտքերին, խրճիթը ներսից բավականին հարմարավետ էր, կլիմայի կարգավորման համակարգով, ճոխ խոհանոցով, պատշաճ սանհանգույցով, ժամանակակից էլեկտրոնիկայով, ննջարանային ու հյուրասենյակային հանգստավետ կահույքով։

Իհարկե, հյուրասենյակում մնում էր վառարանն իր ծխնելույզով, և այն ուներ ոչ միայն դեկորատիվ, այլև պրակտիկ նշանակություն՝ ժամանակ առ ժամանակ Յագան այնտեղ փայտ էր վառում և մեկ-երկու թռչուն ու զեռուն նետում, որպեսզի տարածվող այրվող մսի հոտը ամրապնդի միֆը, թե ինքը խորովում է մոլորված մանուկներին։

Յագան շատ ուշադիր էր իր արտաքին տեսքի նկատմամբ ու միշտ մարդամեջ էր մտնում մեծ, կեռ, գորտնուկոտ քթով, ուսերին թափված, սանրի երես չտեսած, վուշի խրձերի նման գորշ մազերով, անգոտի շիտակ փնթի շապիկով։ Նա պարբերաբար տեսչական-ցուցադրական թռիչքներ էր կատարում ցածր բարձրության վրա իր ցախավելով՝ իր տեսքով սարսափեցնելով գյուղացիներին, կամ մեծ բարձրության վրա իր փայտե հավանգով, որի ռեակտիվ շարժիչի ձայնն ու տարածվող տհաճ հոտն էր սարսափեցնում մարդկանց։

Ամեն դեպքում, Յագան կարողանում էր մարդկանց հեռու պահել Մութ Անտառից, որտե ղ նրանք կարող էին գայլերի, արջերի ու հարամիների բաժին դառնալ, գյուղացիներն էլ բավարարվում էին անտառեզրից սունկ ու հատապտուղ հավաքելով, նապաստակ ու թռչուն որսալով։

Որսորդ Իգնատ ամին, ում երբեմն Յագան հյուրընկալում էր ու թեյ հյուրասիրում, նրա բացատը կոչում էր «Բուֆերային գոտի», իսկ իր ընկեր Գորշ Գայլն իրեն անվանում էր «Անտառի սանիտար»։

Լինում էր, որ մոլորված դյուցազունները, ովքեր տեղյակ չէին Յագայի սարսափելի իմիջի մասին, թակում էին նրա դուռը։ Յագան նրանց հյուրընկալում էր, ճանապարհի ուտելիք դնում հետները, անհրաժեշտության դեպքում անգամ ձի էր ապսպրում։ Այսպես նա ծանոթացավ Ալյոշա Պոպովիչի, Իլյա Մուրոմեցի (2), Ալյոնուշկայի եղբայր Իվանուշկայի (3) հետ։ Ամեն ինչով հարմարավետ, էկոլոգիապես մաքուր կյանքով էր ապրում Յագան ու դեռ որոշակի անվտանգություն էր ապահովում շրջակա բնակիչներին՝ նրանց հեռու պահելով անտառից։ Ավելին, դրանով նա լուրջ օգուտ էր տալիս նաև բնությանը։ Կոմֆորտ, գումարած կյանքի իմաստ՝ էլ ի՞նչ է պետք իդեալի համար։

Այս հովվերգությունը փլուզվեց, երբ Յագայի մոտ հյուրընկալվեց մյուս Իվանը՝ մի հաղթանդամ, կապտաչյա, ոսկե մազերով հերոս։

Յագան սիրահարվեց։ Նա երբեք չէր պատկերացնում, որ աշխարհում կարող է լինել այդքան գեղեցիկ, պարզ ու դյութիչ էակ։ Իվանը Յագայի խրճիթի մոտ հայտնվեց ոչ թե սպիտակ նժույգով, այլ մի հիվանդ ջորու վրա, որը հենց խրճիթի մոտ էլ իր շունչը փչեց, բայց Յագան հասկացավ, որ հենց նա է իր երազանքների ասպետը։

Ջորու կորստի առիթով Իվանը որոշեց մի քիչ երկար հյուրընկալվել տնակում, բայց Յագան շուտով առաջարկեց, որ նա ընդմիշտ մնա իրենց սիրո խրճիթում։

Հովվերգական առօրյան արդեն թվում էր զզվելի ու ձանձրալի անցյալ, և Յագան իրեն նվիրեց Իվանին, նրա օրերը գունավորելուն ու գեղեցկացնելուն, ամեն օր մի նոր կարկանդակ էր հնարում, հավանոց էր պահում, որ Իվանը միշտ թարմ ձու և միս ունենա, կով էր պահում, որ նրա համար ամենօրյա կաթն ու կարագն ապահովի։ «Ամազոնից» (4) Իվանի համար դիզայներական հագուստներ էր պատվիրում, Յագան գնաց Մութ Անտառի խորքը, դեպի Գարշահոտ Ճահիճը, ու Իվանի համար ոսկի ու գոհարեղեն բերեց այնտեղից։ Մի խոսքով, Յագան երանելի վիճակում էր, երջանիկ իր նվիրվածությամբ ու ծառայությամբ, անգամ մազերը լվաց ու սանրեց՝ պարզվեց, որ փափուկ ու փայլուն մազեր ունի, տձև շապիկը փոխեց, սկսեց ջինսեր ու մինիներ հագնել, պարզվեց՝ որ փոքրիկ, բայց պիրկ կրծքեր ունի, գեղանի կոնքեր ու ազդրեր։ Յագան պատրաստվում էր դիմել պլաստիկ վիրաբույժի՝ քիթը կարգի բերելու համար, խորհրդատվության համար հանդիպեց մի քանի բժշկի հետ։
Իվանն այս ամենն ընդունում էր լուռ, բայց բարեհաճ ժպիտով։

Գեղջկական սովորության համաձայն, նա ցերեկները հանգստանում էր վառարանի վրա, բայց գիշերները Յագայի անկողնում հրաշքներ էր կերտում։

Բնական է, այս ընթացքում Յագան բարձիթողի էր արել իր աշխատանքային պարտականությունները, վառարանը չէր վառում, ցախավելով չէր թռնում, ոչ ոքի չէր վախեցնում։ Մի քանի գյուղացու հոշոտել էին անտառի գազանները։ Գյուղում աշխույժ առևտուր էր սկսվել արջի ու աղվեսի մորթիներով։

– Յագա, խնդրում եմ, արթնացիր, դուրս արի քո զոմբի վիճակից,- թախանձում էր Գորշ Գայլը, ով մահապուրծ փախել էր որսորդների ձեռքից։

Յագան գիտեր, որ Գորշ Գայլն իրեն սիրահարված է և խանդից է չարախոսում Իվանին։

– Քո Իվանը ապուշ է, հիմար, գյուղում նրան Իվանիկ-Հիմարիկ են ասում,- կրկնում էր Գորշ Գայլը։ Նա անգամ ճարեց Իվանի մասին բժշկական տեղեկանքը, որտեղ նշված էր, որ նա օլիգոֆրենիկ է, բայց Յագան չէր հավատում, արհամարհում էր այդ պնդումները, սիրահարված Յագային ոչինչ չէր համոզում։

Ամեն ինչ փոխվեց, երբ Յագան Իվանին նվիրեց Nimbus-2000 (5) մակնիշի նորագույն ցախավելը՝ հարմարավետ թամբով, արևային մարտկոցով, ըստ էության՝ հավերժ շարժիչով։ Սկզբում միասին էին թռչում, ճախրում մոտակա անտառներում, հետո՝ երբ Յագան համոզվեց, որ Իվանն իրեն վստահ է զգում թամբի մեջ, նրան թողեց, որ մենակ զբոսնի։

Էլի Գորշ Գայլն էր, որ Յագային հայտնեց, թե Իվանի ցախավելի վրա տեսել է մոտակա թագավորական պալատից Գեղեցկուհի Վասիլիսային։ Յագան չհավատաց, բայց Գորշ Գայլը ցավում էր իր ընկերոջ համար, և պնդեց, որ Յագան հետևի Իվանին։ Հետո հայտնեց, որ նա համբուրվում է մոտակա գյուղի Կարմրաթուշ Մարֆայի հետ, անգամ պարզվեց, որ Իվանը հարաբերություններ ունի կողքի ճահիճի Կռկռան Գորտի հետ, ով նրա աչքում գեղեցկուհի էր դառել։ Երբ Յագան տեսավ Գորշ Գայլի ներկայացրած լուսանկարները, ինքը բռնեցրեց Իվանին ցախավելի վրա նստած Գեղեցկուհի Վասիլիսայի հետ համբուրվելուց, հասկացավ, որ իրական հիմարն ու ապուշն ինքն է, որ նվիրվել է այս ստախոս ստահակին։ Հանկարծ Յագան հասկացավ, որ Իվանը քչախոս է ոչ թե ազնվական դաստիարակության, այլ դեբիլության պատճառով, որ ոչ թե սիրառատ է, այլ սեռական սանձարձակ, տեսավ, որ նա ոչ թե դյուցազուն է, այլ լխտիկ ու ցմփոր, ոչ թե հրաշեկ է է, այլ ժանգոտ մազերով, ու չնայած այդ անհրապույր արտաքինին, ծույլ է և ալֆոնս։

Յագան ցախավելը կոխեց Իվանի հետևը, ինչի հետևանքով ցախավելը զրկվեց թռչելու հատկությունից, իսկ Իվանը՝ տղամարդկությունից։ Յագան նրա քամակին տալով՝ դուրս քշեց Մութ Անտառից, թողնելով, որ մոտակա գյուղերի աղբարկղներից շշեր հավաքի ու ու իր կյանքն ավարտի որպես բոմժ։

Վրեժխնդրության հաջորդ փուլում Յագան փնտրում էր Կուպիդոնին (6), նրան ու նրա արձակած նետը համարելով իր դժբախտ սիրո պատճառը։ Անհագ կատաղությամբ նա բարձրանում էր երկնքի վերին շերտերը, քննում ամպերի տակնուվրան, զննում լեռներն ու հովիտները։ Հենց գտներ Կուպիդոնին, նրա նետերն էլ էր նույն տեղն մտցնելու, ինչ Իվանին, որ թևավոր փոքրիկը էլ հիմար-հիմար չարձակեր իր զենքը ամեն ապուշի համար։ Չգտավ Կուպիդոնին, վերջինս վախեցած թաքնվել էր հեռավոր քարանձավներում, իսկ մարդիկ այդ պատճառով երկար ժամանակ չէին սիրահարվում։

Յագայի բուռն կատաղությունն աստիճանաբար իր տեղը զիջեց խորագույն դեպրեսիային։ Նա էլ իր խրճիթից դուրս չէր գալիս, չէր կատարում իր տեսչական-պրոֆիլակտիկ թռիչքները, խուսափում էր բոլոր հանդիպումներից, անգամ Իգնատ ամուց և Գորշ Գայլից։

ԴԺՈԽԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Մեծ անակնկալ էր, երբ Յագայի խրճիթի մեջտեղում, ասես գետնի տակից, մի համակրելի տղամարդ հայտնվեց։ Վերջինս հատուկ կարած կոստյումով էր, մետաքսե կարմիր թիկնոցով, ուներ կանոնավոր, համակրելի դիմագծեր, սուրուլիկ մորուք։ Սակայն նրա արտաքինում ինչ-որ անբնական բան կար։

– Ես Լյուցիֆերն եմ, գլխավոր սատանայապետը,- առանց սեթևեթանքի ներկայացավ տղամարդը։ Յագան նոր նկատեց նրա գեղեցիկ մշակված փոքրիկ կոտոշիկները, ու նաև, որ կարմիր թիկնոցը գոտևորված է պոչով։

Լյուցիֆերը չընկավ երկար պատմություններ պատմելով և միանգամից անցավ իր առաքելությանը։ Նա Յագային առաջարկեց միանալ Դժոխքի սատանայապետների թիմին։

Առաջարկը շոկային էր։ Այն Յագային անմիջապես հանեց «դժբախտ սիրո» ընդարմացումից։ Մի կողմից շոյիչ էր կտրուկ դեպի էլիտա կայծակնային բարձրացումը, բայց խոսքը գնում էր Դժոխքի վերնախավի մասին, և տվյալ դեպքում միգուցե ճիշտ էր «կայծակնային անկում» ասելը, բայց ինքնագնահատականի համար նվաստացուցիչ էր միանգամից կարևորագույն նզովյալներից մեկը դառնալը։ Բնականաբար, առաջին հարցն էր․

– Լավ, ասենք թե ես դժոխքի եմ արժանի, բայց արդյո՞ք ես այնպիսի չարագործ եմ, որ միանգամից համարվեմ կարևորագույն չարիք, մտնեմ դժոխքի էլիտա։

Լյուցիֆերը հրաշալի բանակցող էր, ու հասկացավ, որ միանգամից շոկի ենթարկելուց հետո պետք է անցնել մանրամասներին․

– Դժոխքի հեղափոխության մասին դուք այստեղ չեք լսել, մինչդեռ մեր մոտ շատ բան է փոխվել։

– Դժոխային հեղափոխություն,- ծոր տվեց Յագան, դեռևս չհասկանալով՝ ծաղրի՞, թե՞ սարսափի այդ երևույթից։

– Հեղափոխություն, որ տեղի ունեցավ Դժոխքում,- ճշգրտեց Լյուցիֆերը:

Լյուցիֆերը պատմեց, որ Դժոխքում տեղի է ունեցել իշխանափոխություն, Սանդարամետը (7) գահազրկել է Պլուտոնին (8) և անցել է այնտեղ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելուն։ Վերացել են Դժոխքի բոլոր պարունակները, շրջանակներն ու անցումները։ Ստեղծվել է պարզ ու հարթ ճարտարապետություն, ժողովրդավարական հարաբերություններ, և բոլոր նզովյալ հոգիներն այժմ Դժոխքում հավասար են։

Ժողովրդավարական բարեփոխումները պահանջում են նաև համապատասխան գենդերային հավասարության լուծումներ, և Սատանայապետների Խորհուրդը՝ Սանդարամետի համաձայնությամբ, որոշել է դիմել Յագային, որպեսզի վերջինս զբաղեցնի այս խորհրդում ազատ կանացի վականսիան։

– Ուրեմն, ձեր կարծիքով, ե՞ս եմ ամենասարսափելի կինը,- դառնացավ Յագան։

– Ուղիղ հակառակը, սկզբում քննարկվում էր Մեդուզա Գորգոնայի (9) թեկնածությունը, բայց նա իսկապես սարսափելի էր թե իր տեսքով, թե արարքներով, և մենք վախեցանք նրան մեր շարքերում տեսնելուց,- Լյուցիֆերը շարունակեց,- հետո քննարկեցինք Սցիլլա և Խարիբդա (10) զույգ քույրերին, բայց պատկերացրեցինք, որ անընդհատ հաչոցները բոլորիս զրկելու են քնից, ու մերժեցինք։ Սիրենան (11) շատ լավ թեկնածու էր թվում՝ իրական գեղեցկուհի ու աշխարհի ամենահաճելի ձայնը, բայց նրա դյութող հատկությունների մեջ նոր հեղաշրջման իրական վտանգ կար։ Մի խոսքով, շատ թեկնածուներ են քննարկվել, անգամ Ղռերի Անոն (12) է քննարկվել, բայց սա շատ անբարոյական էր Դժոխքի համար։

– Տես, ես չափազանց բաց եմ ու անկեղծ,- շարունակեց Լյուցիֆերը,- չեմ ուզում քեզ հիմներ երգեր ու ասել, որ դու ես ամենալավն այս աշխարհում։ Բայց հաշվի առնելով քո աշխատասիրությունը, կրեատիվությունը, սկզբունքայնությունը, Դժոխքի ընտրությունը կանգ առավ քո վրա։ Խոսքն ամենևին շատ կամ քիչ նզովյալ լինելու մասին չէ, այլ կա կոնկրետ աշխատանք, որը քեզ առաջարկում ենք։

Աստիճանաբար նախնական շոկն ու շփոթությունն անցնում էր։

Յագան սկսեց մտածել, որ առաջարկն այնքան էլ անհեթեթ չէ։ Ամեն դեպքում, ինչ-որ փոփոխություն կլիներ, դուրս կպրծներ ժամանակային սինգուլյարությունից, կազատվեր կրկնվող օրերի օղակի թակարդից, կբուժեր իր ետսիրահարական դեպրեսիան, ավելի հաճելի շփումներ կունենար, քան Գորշ Գայլն ու հիմար Իվանն էին։

ԴԺՈԽՔԻ ՄԱՐՔԵՏԻՆԳԸ

Յագան սկսեց խոսեցնել Լյուցիֆերին՝ ժամանակ շահելու և որոշումը ծանր ու թեթև անելու համար։

– Փաստորեն, դու ինձ գովում ես, ասում ես, թե ինչքան լավն եմ, ու դրա համար պետք է գնալ դժո՞խք,- նա արդեն համարյա ծաղրում էր Լյուցիֆերին։

– Դու այդպես էլ ոչինչ չհասկացար, խնդիրը լավն ու վատը լինելու մեջ չէ, պարզապես գործ է, պետք է անել, իսկ մենք կարծում ենք, որ դու ամենալավը կկատարես այդ գործը։

Յագան իսկապես չէր հասկանում, թե ինչի մասին է խոսքը, իսկ Լյուցիֆերն էլ չէր ուզում դեռևս շատ մանրամասներ բացել։ Նա այս պահին չէր ուզում բացահայտել, որ Յագային հավաքագրելու առաջադրանքը գալիս է անձամբ Սանդարամետից, և տեսնելով, որ աստիճանաբար սառույցը հալվում է, առաջարկեց հանդիպում կազմակերպել Դժոխքի դիցուհու հետ։

Մտնելով Դժոխք, Յագան այնքան էր մտազբաղ առաջիկա հարցազրույցով, որ մեծ ուշադրություն չդարձրեց տարօրինակ շրջապատին՝ սև անապատին, կուպրի ու ծծումբի հոտերին, Լուսնի Հակառակ Կողմին, զարհուրելի ձայներին։ «Տեսնեմ՝ ինչ է առաջարկում Դիցուհին, հետո կարգին կնայեմ կողքերս»,- մտածում էր նա։

Սանդարամետը նրբիրան, սև մազերով, խոշոր սև աչքերով գեղուհի էր։ Անդրերկրային, սատանայական բնույթի մասին էր խոսում միայն նրա մաշկի գորշ-հողագույն գույնը։

Նա Յագային դիմավորեց որպես հին բարեկամի, նստեցրեց բազմոցին ու թեյ հյուրասիրեց։ Յագան, որ դժոխային ամեն ինչին թերահավատությամբ էր մոտենում, այդ բարեհամբուրությունը սկզբում ընդամենը որպես սատանայական խաղեր էր ընկալում։

– Սիրելիս, – մեղմ ձայնով սկսեց Դժոխքի տիրուհին,- ես տպավորված եմ այն ամենով, ինչ դու անում ես Մութ Անտառում։

Սանդարամետը պատմեց, որ Դժոխքի հեղափոխությունից հետո կտրուկ փոխվել է աշխարհում Դժոխքի դերն ու իմաստը։ Նոր հեղափոխական թիմը ցանկանում է, որ Դժոխքը լինի ոչ թե որպես մարդկանց պատժելու տեղ, այլ այնպիսի տեղ, որտեղ հայտնվելուց բոլորը կխուսափեն, որպեսզի խուսափեն պատիժներից։

– Մովսեսին տրված պատվիրանները (13) բավարար չեն, այնտեղ ասվում է, թե ինչ չպետք է անել, բայց մարդիկ պետք է հասկանան, թե խախտելու դեպքում որտեղ են իրենք հայտնվելու։ Դու դեռ չես տեսել, բայց շուտով կտեսնես, որ կենցաղն այստեղ սարսափելի է, մութ, սև, սարսափելի հոտերով ու ձայներով, էլ չեմ խոսում մազութով կաթսաներում եփվելու մասին։ Ուզում եմ, որ իմանալով այս ամենի մասին՝ մարդկությունը փրկվի, որ մարդիկ, իմանալով այս ամենի մասին՝ մեղքեր չգործեն, որ հետո էլ չհայտնվեն այստեղ։

Տարբերությունը շատ նուրբ է, բայց համոզված եմ, որ դու կհասկանաս, և տեսնելով, թե ինչպես ես դու հենց նման ծրագիր իրականացնում Մութ Անտառում, ուզում եմ քեզ հանձնարարել նման նախագծի պատրաստումը և իրագործումը Դժոխքում։ Առաջարկում եմ ստանձնես մարքետինգի գծով սատանայապետի պաշտոնը։

– Միևնույն է, անգամ հանուն մարդկության փրկության,- այս բառերը Յագան արտասանեց թեթև ծաղրով,- ես չէի ուզենա հայտնվել անիծվածների շարքում, չէի ուզենա վերցնել նզովյալի խարանը։

– Շատ լավ, արի քո հետ պայմանավորվենք որպես հրավիրյալ մասնագետի։ Քո ունակությունները շատ բարձր եմ գնահատում։

Բացի այդ, երևի տեսել ես այստեղի իմ շրջապատը, կուզենայի, որ հանդիպեինք, հաճախ աղջիկներով կնստենք, կբամբասենք,- սատանայական ժպիտով ժպտաց Սանդարամետը։

Նա նաև Յագային առաջարկեց հնարավոր ամենալավ պայմանները՝ առանձնատուն VIP թաղամասում, առանց խոչընդոտի գետնի երես գնալ-գալու իրավունք, ծառայողական տրանսպորտ։

– Վերցրու Ռեգալ վիշապին (14), շեկլիկը քեզ կծառայի։

– Շնորհակալ եմ, ես իմ ցախավելն ունեմ, իմ հավանգը ունեմ,- հրաժարվեց Յագան։

– Վերցրու, վերցրու, սա նաև քո համար անվտանգության ծառայություն է, բավական է ասես «Դրակարիս»(15), ու Ռեգալը կրակ է ժայթքում։

ՆԻԿՈԼԸ՝ ԴԺՈԽՔՈՒՄ

Բեգեմոտը (16) ներս մտավ VIP տարածք իր սովորական ձևերով՝ թփթփոցով, աղմուկով, իրարանցում ստեղծելով, հսկայածավալ մարմնով ողջ տարածքը գրավելով։ Յագան հեռվից զգաց նրա մոտենալը, քրտինքի հոտը Բեգեմոտից կիլոմետրով առաջ էր ընկել։

– Պառավ Յագա, Պառավ Յագա, ո՞ւր ես, դուրս արի, գործ կա։

Մի կողմից՝ Յագան Բեգեմոտից կամ որևէ մեկից իրավունք չուներ նեղանալու, քանի որ իր անունը իր ռուսական անձնագրում հենց այդպես էլ գրված՝ Баба Яга (17), մյուս կողմից՝ նա իր բոլոր ծանոթներին խնդրել էր իրեն այդպես չկոչել։ Բեգեմոտն այնքան անտաշ էր, որ դժվար էր հասկանալ՝ արդյոք նա հատո՞ւկ է իրեն այդպես անվանում, թե՞ մոռացել է իր խնդրանքը։

Ամեն դեպքում, Յագան Բեգեմոտից զզվում էր։ Նրա հսկա ու տձև մարմինը, բամբ ձայնը, արձակած հոտերը նախատեսված էին Դժոխք եկող մեղավոր հոգիների համար, ոչ թե իր քնարական ու մեղմ հոգու համար։ Բայց ամեն դեպքում իրենք գործընկերներ են, նույն նպատակին են ծառայում, իրար հարևանությամբ են ապրում Դժոխքի էլիտար թաղամասում, անգամ պետք էր միշտ հաշվի առնել, որ Բեգեմոտը իրենից բարձր է կանգնած սատանայապետական աստիճանակարգում։ Յագայի համար շատ ավելի հեշտ էր շփվել արիստոկրատ վարքուբարքով Մեֆիստոֆելի (18), կամ ամեն ինչ հաշվի առնող Վոլանդեմորտի հետ (19), քան Բեգեմոտի։ Բայց տիկնոջ արձագանքը համարժեք էր՝ նա էլ Բեգեմոտին դիմեց նրա հրեական անձնագրի בהמות պաշտոնական (20) անունով, ծաղրականորեն ձգելով բառերը․

– Ասա՜, Գազա՜ն։

Բեգեմոտը սթափվեց, մի կողմ դրեց իր մեծամտությունն ու չարամտությունը․

– Յագուշկա, հիմա մարդ է գալու մեր էլիտար թաղամաս, խնդրում եմ տեղավորես։

– Կարո՞ղ է ես ձեր տնտեսվարն եմ կամ սենեկապետը, հետո էլ ի՞նչ է նշանակում նոր մարդ է գալիս, էլիտար գոտին ուզում եք հանրակացարանի վերածել,- բարկացավ Յագան։

– Յագուշկա, հո քեզ չե՞մ խնդրում սենյակն ավլել կամ անկողինը փոխել։ Շեյթանչիկներին(21) ասել եմ, Բեհեղզեբուղի(22) առանձնատունը պատրաստ է, պարզապես նոր եկողին դիմավորիր, պայմանները ցույց տուր, մի երկու ողջույնի խոսք ասա։ Ի վերջո, քո նախագծի առաջին կլիենտն է, տես, թե քո գրած գրանտային ծրագիրը ինչպես է աշխատում։

Յագան չհասցրեց հակադարձել, երբ Նիկոլի ձեռքը բռնած ներս մտավ Ազրայելը (23)։ Բարկանալով ինքն իր փափուկ բնավորության, զիջողականության վրա, Յագան տեղի տվեց Բեգեմոտին ու ողջունեց․

– Բարև, Նիկոլ, բարի գալուստ Դժոխք։

Նիկոլը շշմած չորս կողմն էր նայում, ծանոթանում էր ամբողջովին նոր միջավայրին և շատ արագ արձագանքեց․

– Բարև Ձեզ, դուք տիկին Յագան եք, այնպես չէ՞։

– Այո, այո։ Ես քեզ կծանոթացնեմ Դժոխքի VIP գոտու հետ, քո մնալու պայմաններին, այստեղի բնակիչներին ու տեսարժան վայրերին։

– Ես հատուկ պայմաններով եմ այստեղ,- սկսեց պարծենալ Նիկոլը։

– Նիկոլ, դու հատուկ պայմաններով չես, այլ հյուրընկալության մեր գրանտային ծրագրով, ինչի մասին տղաները պայմանավորվել էին քո հետ երկրի վրա,- բավական չոր տոնով շարունակեց Յագան,- Այս ծրագիրը շնորհվում է նրանց, ովքեր կարողացել են երկրի վրա դժոխք սարքել։

– Ինձ խոստացել են հանդիպում Սանդարամետի հետ,- կրկին մեջ ընկավ Նիկոլը։

– Ստանդարտ ծրագիրը ներառում է մեկշաբաթյա հանգիստ Դժոխքի էլիտար թաղամասում, ծանոթություն կուպրով կաթսաների, Սիզիփոսի բլուրի և այլ տեսարժան վայրերի հետ, ընդունելություն Սանդարամետի ապարանքում, և վերջում՝ հավերժացում։ Ի դեպ, պետք է շնորհակալ լինես Պուտինին։

– Ես միշտ եմ նրան շնորհակալ,- կրկին մեջ ընկավ Նիկոլը։
Յագան սառը տոնով շարունակեց․

– Պետք է շնորհակալ լինես Պուտինին, որ մեր մոտ տեղ ազատվեց։ Հիմա Բեհեղզեբուղը գործուղման է մեկնել Ռուսաստան, և դու հնարավորություն ունես մնալու նրա քոթեջում։ Իսկ Պուտինին մենք կընդունենք արդեն ոչ թե ստանդարտ, այլ հատուկ ծրագրով, որին արժանանում են նրանք, ովքեր կարողացել են դժոխք սարքել երկու և ավելի երկրներում։

Խոսելով մոտեցան քոթեջին, սենեկապետ շեյթանչիկը բացեց դուռը, ներս մտան։

– Այստեղ ննջարանն է, այստեղ՝ աշխատասենյակը, նայիր պատուհանից, ինչ գեղեցիկ տեսարան է, մեղմ ալեկոծվում է կուպրի ծովը, Լուսնի Հակառակ Կողմը միշտ լուսավորում է հակալուսնային արահետը, միշտ փչում է այրվող ծծումբի անուշ բույրը։

– Այստեղ ջակուզին է, Յագան շարունակում էր ծանոթացնել տան հետ, այստեղ էլ ոչ էլիտար, իսկական դժոխքի մի սենյակ, այն լրիվ կարող է որպես սաունա ծառայել։

– Իսկ որտե՞ղ եք ճաշում, ռեստորաններ կա՞ն,- իր համար կարևոր հարցը տվեց Նիկոլը։

– Քեզ մշտապես կծառայեն չորս շեյթանչիկ, նրանք անմիջապես կհայտնվեն, երբ իրենց կանչես զանգով կամ մտքով։ Կարող ես պատվիրել ամեն ինչ, սկսած լոբսթերներից մինչ վագյու սթեյք, եթե ուզենաս, անգամ կարող են ապսպրել Իջևանի հոնի արաղ։ Չես կարող պատվիրել միայն սև խմիչք կամ սև ուտելիք, ամեն ինչ, բացի սև իկրայից, սև տրյուֆելներից, սև ջրիմուռից, սև ռոմից, սև սուրճից, սև գինուց՝ մալբեկ, սապերավի, մի խոսքով, հասկացար։

– Ամենահամեղ բաներից զրկում եք, – դժգոհեց Նիկոլը։

– Սա իմ նորամուծությունն է, նոր մարքետինգի տարրերից։ Դժոխքում ամեն ինչ շատ սև է, նման քայլերով փորձում ենք փոքր-ինչ գունավորել կյանքը,- հպարտացավ Յագան։

Նիկոլի առօրյան տխուր էր անցնում Դժոխքի էլիտար թաղամասում։

Պատուհանը բաց էր քնում, և գիշերները մեկ-երկու անգամ ինչ-որ անհասկանալի ճողփյուն լսեց։ Հարցրեց ավագ շեյթանչիկին, սա սատանայական ժպիտով (ուրիշ ժպիտ չկար Դժոխքում), ասաց․ «Հավերժության ձայնն է»։

Սկզբում ուզում էր դժգոհել, որ իր սիրելի իկրան չկա, հետո հասկացավ, որ ոչ միայն անիմաստ է որևէ մեկին հանդիմանելը, այլև ավելի ծանր ու տհաճ խնդիր առաջացավ, որը մենակությունն էր։ Դժոխքի հեռուստացույցը միայն Հ1 էր ցուցադրում, նայելու բան չէր։

Հետը խմող չկար, միայնակ էլ շատ չէր լինում խմել։ Չկար բյուջե, որ գոնե փողեր լվանալով զբաղվեր։ Անգամ ֆեյսբուք չկար, որ լայվ մտներ ու ժամանակ սպաներ։

Երկար երեկոներին հաճախ էր զրուցում Յագայի հետ։ Մի անգամ Յագան չդիմացավ ու անցավ երկրային գործունեության վերլուծությանը։

– Լավ, Նիկոլ, ինչի՞ համար էր այս ամենը։

– Ես ցանկանում եմ փրկել մարդկությունը։

Յագան խորը հոգոց քաշեց․ «Սա էլ է ուզում փրկիչ դառնալ», ու բարձրաձայն հարցրեց․

– Ո՞ղջ մարդկությունը։

– Դեհ, գոնե մեր տարածաշրջան՝ թուրքերին, ադրբեջանցիներին, հայերին։

– Իսկ ի՞նչ, ո՞ւմ ես փրկել,- շարունակեց Յագան։

– Օրինակ, մեր Ռուբոն, Ճոճողը, Արմենը, Արփին, շատ ուրիշները՝ առաջ փաբերում պարտքով գարեջուր էին խմում, այնտեղից դուրս էին քշում փողը չփակելու համար, հիմա կարգին փող ունեն, տներ են առել, ավտոներ։ Փրկությունը էլ ո՞նց է լինում։

– Լավ, իսկ Ձեր կուսակցությունից դո՞ւրս։

– Օրինակ՝ մեր Վահագը երկար ժամանակ աշխատանք չուներ, հիմա կարգին պաշտոնի է, Բաղրամյանի վրա մեծ օֆիս եմ տվել, լավ բյուջե, օրինակ՝ մեր Խաչիկը առաջ 10 միլիոն ուներ, հիմա 100 միլիոն ունի, օրինակ ․․․

– Չէ, դու քո շրջապատից, ընկերներից դուրս անուններ տուր, ում երջանկացրել ես, – ընդհատեց Յագան։

– Շատերը՝ Իլհամը, Մեհրիբանը, Ռեջեբը,․․

– Չէ, Նիկոլ, դու մի շարքային հայի անուն տուր,- Յագայի համբերությունը հատնում էր։

– Ես երկրի ղեկավար եմ, պարտավոր չեմ բոլորի անունները իմանալ,- գոռոզամտությունը չէր լքում Նիկոլին։

– Իսկ քո նշած փրկվածների փրկության գինն ի՞նչ է։

– Մի հինգ-յոթ հազար զոհ, պլյուս-մինուսով։

Երբ Վոլանդեմորտը Նիկոլին առաջարկեց Դժոխք տեղափոխվել, վերջինս հաշվարկեց, որ իր երկրային օրերը հաշվված են, ու այդ հանգամանքներում իրեն տրամադրվող պայմանները գրավիչ էին թվում․ «Մի շաբաթ Դժոխքի էլիտար թաղամասում․ շատ լավ է, ամեն ինչ տեսել եմ, գոնե սա էլ տեսնեմ, հանդիպում Սանդարամետի հետ․ ամեն տեսակի գործիչների հետ հանդիպել եմ, բայց կենդանի աստծո հետ չեմ հանդիպել, թեկուզ կին աստված, թեկուզ Դժոխքի, բայց աստված, և, ի վերջո, հավերժացում, չեն մանրամասնում, թե սա ինչ է, բայց ամեն դեպքում հազիվ թե վատ բան լինի»։

Յագային Նիկոլը հիշեցրեց այս հանդիպման մասին, տիկինը նկատեց․

– Նիկոլ, թեև մեր անունը ծագել է «ստախոս» բառի, բայց սատանաներն իրենց խոստումները միշտ կատարում են։ Այս երկու օրը միասին կպտտվենք տարածքում, մինչև Սանդարամետը ազատ ժամանակ գտնի և կհանդիպեք։ Բայց արդեն պատրաստվի հանդիպմանը, հարցերիդ մասին մտածի, և ամենակարևորը՝ սափրվիր. տիկնոջ հետ ես հանդիպելու, քեզ կարգի բեր։

Յագան Նիկոլին նստեցնում էր Ռեգալի մեջ և թռնում տարբեր վայրեր։

Սիզիփոսի քարն ու սարը ընդհանրապես ոչ մի հետաքրքրություն չառաջացրեցին։ Հուշկապարիկների (24) թաղամասից բան չհասկացավ, անգամ պատկերացում էլ չկազմեց, թե դրանք ինչ էակներ են։

Փոխարենը մեծ տպավորություն ստացավ «Տաք» թաղամասից, որտեղ ձյութով կաթսաների մեջ եփում էին մեղավորներին։ Այնտեղ իրական կրքեր կային, իրական ինտրիգներ, իրար ոտքից քաշում էին ու իրար գլխի խփում։

Սանդարամետի պալատն էլ մեծ տպավորություն չթողեց, չնայած իրական, գործող աստված էր, բայց Պուտինի պալատն ակնհայտորեն ավելի ճոխ էր։ Իսկ խոսելու թեմա իսկապես չկար, Սանդարամետը մի քանի հարց տվեց անցյալից, իսկ ինքն այդպես էլ քաշվեց ու չհարցրեց հավերժացման մասին։

– Դեհ, վաղը քո հավերժացումն է։ Քո համար էպոխայի փոփոխություն է,- ասաց Սանդարամետն ու վեր կացավ, հասկացնելով, որ աուդիենցիան ավարտվել է։

Հաջորդ օրը Լյուցիֆերի ուղեկցությամբ Նիկոլը կուպրե ծովի ափով ահագին քայլեց ու հեռացան VIP գոտուց։ Ափին կանգնած էին, երբ Լյուցիֆերը երեք մատի կոմբինացիան դրեց Նիկոլի քթին ու դժոխային ահեղությամբ գոռաց․

– Հավերժացի՜ր։

Հանկարծ մոտեցան չորս գյոռնափշտիկ (25), բռնեցին Նիկոլի ոտքերից ու ձեռքերից ճիշտ այնպես, ինչպես իր ոստիկաններն են բռնում ցուցարարներին, և նետեցին նրան կուպրե ծովի մեջ։

Գլխավերևում լսվեց հավերժության ծանոթ չլմփոցը, Նիկոլը չհասցրեց էլ հասկանալ, թե ինչ կատարվեց, երբ հայտնվեց ծովի հատակին, հավերժացավ անշարժության մեջ մյուս հավերժ անիծյալ հոգիների կողքին, մշտական գոլ սևության մեջ։

ԼԻԲԵՐԱԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Սանդարամետը հանդիպում նշանակեց Յագայի հետ, որպեսզի ամփոփի անցած ժամանակաշրջանի նրա գործունեությունը։

– Քո ծրագրերը հիմնականում լավն են, օրինակ, գույների նորամուծությունը կենցաղն ավելի գունագեղ ու հետաքրքիր է դարձնում։

Իսկ Յագան դժգոհ էր իր արածից․

– Հա, բայց դա որքանո՞վ է մոտեցնում մարդկության փրկությունը։

– Հո միայն դա չէ, գրանտային ծրագիրն է շատ լավը, ինքդ տեսար Նիկոլին, զրուցեցիր նրա հետ; Ծրագիրը չլիներ, նա դեռ երկար կմնար Հայաստանում։ Տես, ընդդիմությունը չկարողացավ նրան հանի, Պուտինը չկարողացավ, արևմտամետները չկարողացան, իսկ սատանաները փրկեցին Հայաստանը, Վոլանդեմորտը քո ծրագրի միջոցով այդ երկիրը փրկեց չարիքից։

– Եթե չլիներ Դժոխային հեղափոխությունը, նոր կործանված հոգիներ ընդունելու Դժոխքի չկամությունը, համոզված եմ, նա վաղուց այստեղ կլիներ։

Սանդարամետը հասկանում էր, որ Յագան ազատ ստեղծագործող է և իր ենթակայության տակ է միայն աշխատանքային պայմանագրից ելնելով։ Նա թաքցնում էր իր սատանայական բնույթը և փորձում էր մեղմ զրույց վարել․

– Դու դժգո՞հ ես, որ քչերն են ընկնում Դժոխք, արդյո՞ք դա ինքնին մարդկության փրկության մասին չի խոսում։ Ճիշտ է, աստիճանաբար։

– Բայց ո՞ւր են գնում կործանված հոգիները՝ քավարան։ Այնտեղի կրակը կոչում եք «մաքրող», այստեղինը՝ «պատժող», իսկ իրականում տարբերություն չկա։ Փակել ենք Դժոխքի դռները, իսկ քավարանի փոքր, նեղ տարածքում կուտակվել են միլիարդավոր հոգիներ, իրական խցանում է, իրար ոտք են կոխկորտում, իրար գլխի նստում։ Նրանց ասել ենք, թե փրկվելու շանս կա, իսկ դա ավելի մեծ նզովք է՝ երբ խաբում ես, ցույց ես տալիս հույսը, իսկ իրականում այն բացակայում է։ Այս հարյուրավոր դարերի ընթացքում հազարից քիչ հոգի է քավարանից ընկել դրախտ (26)։ Իսկ մեր համար այստեղ հարմարավետ պայմաններ ենք ստեղծել, աղմուկը պակասել է, աշխատանքը պակասել է, վայելում ենք մեր VIP գոտին։ Մարդկության փրկության հետ դա քիչ կապ ունի։

Սանդարամետը զարմացավ, որ իր գովաբանված բարեփոխումները այսքան կտրուկ քննադատության է ենթարկվում։

– Իսկ դու ի՞նչ ես առաջարկում, ի՞նչ բարեփոխումներ են պետք, Դժոխքի մարքետինգ դիրեկտոր ես, գործի՛ր։

– Պետք չի մարդկությունը փրկել, պետք է կոնկրետ մարդկանց փրկել։ Պետք է բացել Դժոխքի դռները, թող լինի բնական ընտրություն, ով դրախտի է արժանի՝ կգնա դրախտ, ով դժոխքի՝ կգնա դժոխք։

Սանդարամետն իսկապես վիրավորվեց, որ Յագան մերժեց իր հեղափոխության իմաստը, լիբերալ արժեքներով մարդկության փրկության տեսլականը։ Նա չկարողացավ զսպել իր չար հեգնանքը․
– Իսկ դու ի՞նչ էիր անում քո խրճիթում, ինչո՞ւ էիր զատում մարդկանց ու գազաններին, թողնեիր բնական ընտրություն լիներ, մինչև կկոտորվեին ու կհասկանային, թե ինչն է լավ ու ինչն է վատ։

Յագան ասես շանթահարվեց այս նկատողությունից։ Հասկացավ, որ ինչ-որ ծրագրերի, սին արժեքների պատճառով մտահան է արել իր Հայրենիքը՝ իր Մութ Անտառը, իր գազաններին, իր մարդկանց։

«Իմ Գորշ Գայլը, իմ Պոչատ Աղվեսը, իմ Իգնատ ամին,- տագնապը խեղդեց նրան,- հիմա իրար կերան»։ Անմիջապես ընդհատեց խոսակցությունը, հրաժեշտ տվեց Սանդարամետին, հեծնեց ցախավելը ու թռավ Հայրենիք՝ իր խրճիթի, գազանների ու մարդկանց մոտ։

Ծանոթագրություններ

1. Բիբլիական կերպար, չարիքի մարմնացում, Եսայի 14։12
2. Ռուսական բիլինաների հերոսներ
3. Ռուսական հեքիաթի հերոս
4. Amazon.com – օնլայն առևտրի խոշորագույն հարթակ
5. Ջ․Ք․Ռոուլինգի «Հարրի Փոթեր» գրքերի գլխավոր հերոսի ցախավելի մակնիշից
6. Հռոմեական դիցաբանությունից, սիրո աստվածներից
7. Հայկական առասպելաբանությունից, Անդրաշխարհի դիցուհին
8. Հռոմեական դիցաբանությունից, Ստորգետնյա թագավորության աստվածը
9. Հունական դիցաբանությունից
10. Հունական դիցաբանությունից
11. Հռոմեականդիցաբանությունից
12. Հայկական դիցաբանությունից
13. Ելից 20։2-17
14. Games of Thrones ֆենթեզի հեռուստասերիալի շեկ վիշապը
15. Ibid
16. Աստվածաշնչյան չար գազան, Հոբ 40։15
17. Баба Яга – ռուսերեն՝ պառավ Յագա
18. Սատանա Յոհան ֆոն Գյոթեի «Ֆաուստ» ողբերգությունից

Տեսանյութեր

Լրահոս