Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր հատուցումներ է տրամադրել. շահառուների ընդհանուր թիվը 5012 է
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը՝ ս․թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների հետևանքով։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԶԱՀ-ից, ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում Հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։
Այսպիսով, նոյեմբերի 14-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 5012 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 68․2 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։ ԶԱՀ շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ կայքում:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շահույթ չհետապնդող, հատուկ օրենսդրությամբ կարգավորվող հիﬓադրամ է, որը հիմնադրվել է 2017թ. ՀՀ կենտրոնական բանկի կողﬕց՝ հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին կայուն, արդար ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով: ԶԱՀ-ը կառավարվում է անկախ, արհեստավարժ և բարձր հեղինակություն վայելող Հոգաբարձուների խորհրդի կողﬕց։
ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 81․6 միլիարդ ՀՀ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ մինչ օրս մոտ 11․8 միլիարդ ՀՀ դրամ, որոնք ստացվում են աշխարհասփյուռ հայությունից, ինչպես նաև ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամուտից` շուրջ 8․7 միլիարդ ՀՀ դրամ։