Ստեփանակերտի Մայր Տաճարում առաջին անգամ քահանայական ձեռնադրություն է կատարվել
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կատարվեց քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ձեռնադրությանը նախորդել էր Ստեփանակերտի Ս.Աստվածածին Մայր Տաճարում երեկոյան ժամերգության ավարտին կատարված ընծայման կարգը:
Արցախի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման է արժանացել ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:
«Քահանայության կարգին արժանանալը միանգամից և՛ մեծ ուրախություն է, և՛ մեծ պատասխանատվություն՝ կրելու Քրիստոսի լուծը և դառնալու Քրիստոսի ծառան ժողովրդի առաջ: Այսօր, ի տես ժողովրդի, մենք խոստում տվեցինք ծառայելու Քրիստոսին, պատարագելու նրա Մարմինը և Հոգին: Սրանից ավելի մեծ խորհուրդ գոյություն չունի»,- ասաց նորընծա քահանան, ով վերակոչվել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյան:
Քահանայական ձեռնադրության արարողությանը ներկա էին Արցախի տարբեր եկեղեցիների սպասավոր հայրեր, հավատացյալ հասարակություն: