Բերդի նորընտիր ավագանու նիստին ընդառաջ ձերբակալվել է համայնքապետ Հարություն Մանուչարյանը․ նրան տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը վաղ առավոտյան ձերբակալվել է։
168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ի սահմաններում։
«Մանուչարյանը Բերդ քաղաքի իր տանն է եղել, մոտ 6-7 հոգով մտել են տուն ու քննիչի ձերբակալման որոշման հիման վրա տարել են։ Թե ինչի՞ համար, ոչ մի բան չգիտենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարություն Մանուչարյանի ձերբակալման վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով 168.am-ը կապ հաստատեց նրա փաստաբանի՝ Արման Թամրազյանի հետ:
«Գիտեմ, որ առավոտ ժամը 7-ին Հարություն Մանուչարյանին ձերբակալել են և տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե։ Ես Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ սպասում եմ, դեռևս չեն բերել։ Դե, ձերբակալումն իրականացվում է քննիչի որոշման հիման վրա, բայց թե ի՞նչ որոշում է, ինչի՞ վերաբերյալ է, չեմ կարող ասել։ Որքան գիտեմ՝ պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական կեղծիքի ենթադրյալ մեղադրանքներ են, բայց մանրամասներ չունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց նա, որն այդ պահին գտնվում էր Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Բերդ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ էին անցկացվել, որի արդյունքում ձայները բաշխվել էին հետևյալ կերպ՝
«Արժանապատիվ սերունդ» դաշինք՝ 1095 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 4297 ձայն
«Զորավոր համայնք» դաշինք՝ 5683 ձայն։
Այսինքն՝ նորընտիր ավագանու 21 մանդատներից 11-ը «Զորավոր համայնք» դաշինքինն է, որի ցուցակը գլխավորում էր Հարություն Մանուչարյանը։
Ի դեպ, այսօր Բերդ խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստն է, և շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մանուչարյանի ձերբակալումը պայմանավորված է հենց դրանով, որպեսզի թիմակիցներին «վախեցնեն»։