
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել է որպես բանկ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 9-ի նիստում խորհուրդը որոշում է կայացրել.
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը գրանցել որպես բանկ՝ «Ֆասթ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն անվանմամբ և տրամադրել բանկային գործունեության լիցենզիա:
Ուժը կորցրած ճանաչել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վարկային կազմակերպության թիվ 37 լիցենզիան («Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ին են անցնում «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բոլոր իրավունքներն ու պարտականությունները՝ հանդիսանալով լիիրավ իրավահաջորդը):
Խորհրդի որոշման կայացման համար հիմք է հանդիսացել դեռևս 04.08.2021թ. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրված նախնական հավանությունը՝ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ: Ընկերությունը նախնական հավանությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացրել է տնտեսական ծրագրով և օրենսդրությամբ սահմանված միջոցառումները և դիմել է ՀՀ կենտրոնական բանկ` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար:
Միաժամանակ, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտավոր է ողջամիտ ժամկետում վարկային կազմակերպության գործունեության փոփոխության վերաբերյալ տեղեկացնել իր հաճախորդներին: