Վերջնական որոշման մասին խոսք չկա, առնվազն այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել. Իշխան Սաղաթելյան
«Կապ չունի՝ այդ նոր կապիտուլյացիայի պայմանագիրն աշխարհաքաղաքական որ կենտրոնի միջնորդությամբ կամ մասնակցությամբ է դրվում սեղանին: Դա մեր կողմից անընդունելի է լինելու»,- այս մասին քիչ առաջ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով հանրային քննարկման շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու ներքին և արտաքին օրակարգի մի շարք հարցերի:
Հարցին՝ արդյոք ընդդիմության հանրահավաքի գլխավոր մեսիջը հասե՞լ է մայրաքաղաքներ, որտեղ բանակցություններ են ընթանում, Սաղաթելյանը պատասխանեց, որ հանրահավաքի նպատակներից մեկը նաև արձանագրում անելն էր, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը, չունի մանդատ ժողովրդի կողմից հակահայկական որևէ նոր փաստաթուղթ ընդունելու, այսինքն՝ նոր կապիտուլյացիա:
Նա հստակեցրեց, որ իրենք իրենց բոլոր ուժերով ու հնարավորություններով պայքարելու են դրա դեմ:
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ-ն զերծ մնա նոր կապիտուլյացիայից, մեր բոլոր քայլերն ու ջանքերն ուղղված են նաև դրան, ու վերջին 7-8 ամիսների պայքարը, այդ թվում՝ նաև փողոցային պայքարը, Դիմադրության շարժումը, վերջին հանրահավաքը, առաջիկա անելիքները միտված են լինելու դրան: Ակնհայտ է, որ ողջ ծավալով բանակցություններ են տեղի ունենում, ակնհայտ է, որ Ալիևը սպառնալիքի տակ փորձում է օր առաջ ձեռք բերած առավելությունն ամրագրել կապիտուլյացիայի տեսքով, և ակնհայտ է, որ օրվա իշխանությունն իրավիճակին համապատասխան քայլեր ու գործողություններ չի իրականացնում: Օրվա իշխանությունը մեր երկիրը բերել-հասցրել է արդեն մի անդառնալիության կետի, որը հետո շատ դժվար է լինելու հետ բերել: Եթե սրանք հեռացած լինեին երկու տարի առաջ, այսօր այս իրավիճակը, որ կա, չէինք ունենա»,- նման կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Պատասխանելով հարցին՝ արդյոք ընդդիմությունը խորհրդարան վերադառնալու մասին վերջնական որոշում ունի՞, Սաղաթելյանը պատասխանեց, որ վերջնական որոշման մասին խոսք չկա, կան տարբեր տիպի քննարկումներ:
«Մեր նախկին հայտարարությունը, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, առնվազն այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել: Կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի այլ որոշում, դրա մասին խմբակցությունը հանդես կգա»,- ասաց նա:
Անդրադառնալով տեղեկություններին, թե անձամբ ինքը դեմ է ԱԺ վերադառնալուն, սակայն կան գործիչներ, որոնք կողմ են, նա ասաց, որ չի ցանկանա անձնավորել, որովհետև ինչ որոշում լինի՝ խմբակցության որոշումն է լինելու:
«Այո, իմ տեսակետը փոփոխության չի ենթարկվել, բայց շատ կարևոր է ընդհանուր դիրքորոշումը: Այստեղ այլևս անձնավորված տեսակետները երկրորդական են, մենք ասել ենք, որ եթե խորհրդարան գնանք, գնալու ենք բացառապես մեր օրակարգով, մեր ասելիքով և Հայաստանի, Արցախի անվտանգությանը վերաբերող օրակարգերով, որովհետև մեր երկրի առաջնային խնդիրը դա է: Եթե լինեն որոշումներ, դրանց մասին Դուք տեղյակ կլինեք»,- պարզաբանեց Սաղաթելյանը:
Նա անդրադարձավ նաև ադրբեջանական աղբյուրների կողմից շրջանառվող այն տեղեկություններին, թե իբրև Հայաստանը զենք է տեղափոխում Արցախ։ Պատասխանելով հարցին, թե սա ի՞նչ վտանգներ է պարունակում, պատգամավորը նշեց, որ ակնհայտ է՝ օգտվելով ՀՀ իշխանությունների ծնկի եկած վիճակից, օգտվելով հանգամանքից, որ նույնիսկ պատերազմից հետո բանակը վերականգնելու, մեր պաշտպանությունն ու անվտանգությունն ուժեղացնելու որևէ ռեալ, իրական քայլեր չեն ձեռնարկվել, Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի տակ իր օրակարգն առաջ տանել՝ Արցախի կապիտուլյացիայից հետո հասնել ՀՀ վերջնական կապիտուլյացիային:
«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ո՞նց կարող է մի երկիր երկու կապիտուլյացիա ստորագրել, շարունակում է ժողովրդին հերթական անգամ ձեռք առնել: Եթե ինքը մնա, երկրորդն էլ, երրորդն էլ, չորրորդն էլ․․․ մինչև վերջնական պետականության կորուստ: Ակնհայտ է, չէ՞, որ երկու տարի առաջ այս օրը, այս ժամերին ինքը ստատուս էր գրում, որ Շուշիում մարտերը շարունակվում են, հաղթելու ենք, բայց երկու տարի առաջ այս օրը դա գրելուն զուգահեռ՝ նա Ալիևի հետ քննարկում էր կապիտուլյացիայի պայմանագիրը, ակնհայտ է դա, չէ՞: Այդ պայմանագիրը ստորագրելուց երեք րոպե առաջ չի ստեղծվել, ո՞նց կարելի է այս մարդուն ընդհանրապես հավատալ, այս մարդու ասածներին հղում անել»,- ասաց Սաղաթելյանը: