Սյունիքում բացվել է միջազգային «Իմփաքթ Հաբ» ցանցի մասնաճյուղ
Ստարտափ գաղափարներին աջակցող միջազգային «Իմփաքթ Հաբ» ցանցի համաշխարհային քարտեզում հիմա արդեն կա Սյունիքի մարզը: Գորիսում «Իմփաքթ Հաբի» մասնաճյուղ է ստեղծվել, որ մարզում սոցիալական ձեռներեցությունն ավելի զարգանա: «Սյունիք Իմփաքթ Հաբը» բացվել է Ակբա ֆեդերացիայի ու Եվրամիության համատեղ ֆինանսական աջակցությամբ:
Աշխարհի 65 երկրում գործող շուրջ 100 «Իմփաքթ Հաբերի» ցանցն ընդհանուր առմամբ 24000 անդամ ունի: Այժմ «Սյունիք Իմփաքթ Հաբում» ծնվող ու զարգացող բիզնես գաղափարների մասին կիմանան ամբողջ աշխարհում:
«Իմփաքթ Հաբի» երևանյան մասնաճյուղին Ակբա ֆեդերացիան աջակցում է արդեն մի քանի տարի. համայնքներում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը միտված բազմաթիվ գաղափարներ են կյանքի կոչվել այս ընթացքում: Սյունիքի մարզ «Իմփաքթ Հաբ» հարթակը տանելու գաղափարը Ակբա ֆեդերացիայի առաջարկն էր:
«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդները չլքեն իրենց տարածքը, մնան իրենց գյուղում, շրջապատում և այդ շրջանում մնալով՝ զարգացնեն իրենց գաղափարները, ավելի ուժեղ դարձնեն իրենց համայնքը»,- նշել է Ակբա ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:
«Այս ծրագիրը մեկ տարի առաջ ենք սկսել: Գորիսում ստարտափներին օգնելու և զարգացնելու հնարավորությունը մեզ ոգևորեց: Շատ կարևոր է, որ Ակբա ֆեդերացիան նույնպես ֆինանսավորում է այս ծրագիրն ու օգնում լավագույն գաղափարներին»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախարար-խորհրդական, Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:
«Երբ մենք ծրագիրը սկսեցինք իրականացնել՝ հասկացանք, որ ուզում ենք երկարատև դարձնել այն՝ հենց այստեղ լինելով ու բացելով «Իմփաքթ Հաբ Սյունիքը»: Ակբա ֆեդերացիան կանգնեց մեր կողքին և ասաց, որ պատրաստ է աջակցելու, որպեսզի «Իմփաքթ Հաբ Սյունիքը» բացվի և գործի»,- նշել է «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:
Ոլորտային սահմանափակումներ «Սյունիք Իփաքթ Հաբը» չունի, հարկ եղած դեպքում նոր գաղափարներ ունեցողները կապ կհաստատեն արդեն փորձառուների հետ, դասախոսություններ կլսեն ու կկարողանան ճիշտ կազմակերպել իրենց բիզնես ապագան: «Սյունիք Իփաքթ Հաբը» կարող է լուրջ խթան դառնալ Սյունիքի մարզի երիտասարդների նախաձեռնությունները կենտրոնացնելու, առաջնորդելու և կյանքի կոչելու գործում։
Ակբա ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի շուրջ 83 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում: