«Բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյան չեմ». Խաչատուր Սուքիասյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սիլ պլազա» շենքի ձեռքբերմանը։

Հիշեցնենք, որ այսօր hetq.am կայքը տեղեկություն տարածեց, որ «Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը»:

Իշխանական պատգամավոր Սուքիասյանն էլ թեմայի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ կրկնեց մի քանի ամիս առաջ իր իսկ հրապարակած պատմությունը նշված շենքի սեփականաշնորհման վերաբերյալ, թե իրենց երկար ժամանակ համոզում էին, որ այդ շենքը քաղաքի կենտրոնում է, և քանի որ իրենք ունեին գումարներ, խնդրել են, որպեսզի գնեն։

«Մենք ասել ենք՝ չենք ուզում, որովհետև այդ պահին դրա նպատակահարմարությունը չէինք գտնում։ Ինձ իմ հայրիկն է համոզել, երկար ժամանակ բանակցություններից հետո։ Մենք գիտակցում էինք, երբ գա այն փուլը, երբ շենքը պետք է վերանորոգենք, այդ բակում տարբեր խնդիրների ենք առնչվելու, և այդ խնդիրները եղան։  Այնտեղ շենք չի եղել, մեկ պատ է եղել մոտ 4 մետր բարձրությամբ, բակում փոքրիկ տներ են եղել։  Այդ բակի բոլոր տները քանդվել են, որովհետև այն իրենք մեզ վաճառել էին 6 մետր լայնությամբ։ Մի պատ է եղել, մնացածը չարչարանքով, տանջանքով, այդ տարիներին բավականին բարդ էր այդպիսի վարպետներ, աշխատողներ գտնել։ Վերջը, որքանով հիշում եմ, 1998 թվականին բացվեց, այնտեղ կետ կար, որը պետք է լիներ պատկերասրահ, իրեն չի արդարացրել։ Ես շատ երջանիկ, ուրախ եմ, պետական մարմինները թող այդ հատվածը հասկանան»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականության հարցը դատական կարգով վիճարկելուն, ապա Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ ուրախ է դրա համար, քանի որ իր յուրաքանչյուր քայլի համար պատասխան է տալու։

«Հնարավոր է՝ ինչ-որ թյուրիմացություն լինի, կամ հնարավոր է՝ շփոթմունք լինի, բայց մենք օրենք չենք խախտել, դա ի սկզբանե դրված է  եղել մեր ընտանիքում, որ մենք ամեն ինչ անենք այն օրենքի սահմաններում, որոնք գործում են Հայաստանում։ Տրամաբանորեն, ինչ-որ աստիճանի գրագիտություն ունենք, հասկանում ենք, որ առաջարկվել է այդ մանիպուլյատիվ հոդվածները, որ… դա անընդունելի է։ «Սիլ պլազան», որ կառուցվել է մի քանի տարի, միլիոններ է ծախսվել, մարդիկ այդ նկարը դնում են, ասում են՝ այս շենքը, այսինչները ձեռք են բերել 5 հազար դոլարով, սա ինչ անելու բան է։ Մենք մեկ պատ ենք գնել, որի արդյունքում 5 ընտանիքի բնակարան ենք ձեռք բերել։ Հիմա ի՞նչ կապ ունի այդ պատը և «Սիլ պլազան», որը վերջնական արդյունքում կառուցված է»,- շեշտեց պատգամավորը։

Հարցին՝ Գլխավոր դատախազության հայտարարության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ քննարկում ունեցե՞լ է, պատգամավորը  կտրականապես բացառեց.

«Բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյան չեմ, և Նիկոլ Փաշինյանն էլ՝ Նիկոլ Փաշինյան չէ»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս