Բաժիններ՝

Ադրբեջանի հանցավոր ագրեսիան, դոլարի, եվրոյի նկատմամբ դրամի խիստ արժևորումը ներգնա զբոսաշրջության համար բարենպաստ չէր. Մեխակ Ապրեսյան

1,24 միլիոն զբոսաշրջիկ՝ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում, զբոսաշրջության զարգացման համար նախատեսվող 7,66 միլիարդ դրամ. թվերն Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հանրայնացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի պլանավորում են կտրուկ բարձրացնել «մարքետինգային բյուջեն»:

«Նախկինում հատկացվող 200 միլիոնի փոխարեն` 2023թ.-ին բյուջեի միջոցներից տրամադրվելու է 1 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2022 թվականի զբոսաշրջային այցերի 9 ամիսների տվյալներին, նշեց՝ թեև 2021 թվականի համեմատ աճը զգալի է, սակայն 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է (շուրջ 1.5 միլիոն):

«Հաշվի առնենք, որ այս տարի էլ ունեցանք ցնցումներ, վայիվերումներ, զբոսաշրջությանը խոչընդոտող գործոններ՝ Ադրբեջանի հանցավոր ագրեսիան, դոլարի, եվրոյի նկատմամբ դրամի խիստ արժևորումը, որը ներգնա զբոսաշրջության համար բարենպաստ չէր»,- նշեց Մեխակ Ապրեսյանը՝ մանրամասնելով, որ շուրջ 10 տոկոս ընդհանուր գնաճը և առնվազն 20 տոկոսով արժևորված դրամը լուրջ ազդեցություն են ունեցել զբոսաշրջային արդյունքի վրա:

Ի դեպ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը ռուս ռելոկանտերի ներկայությունը ոլորտի վրա դրական ազդեցության տեսանկյունից մեծ չի գնահատում:

«Այս տարի մարտին մենք ունեցանք բավականին ակտիվ այցելություններ ՌԴ-ից՝ պայմանավորված ուկրաինական ճգնաժամով: Դա ամենապասիվ սեզոնն է, մարտի կեսից սեզոնն ակտիվանում է Իրանի այցելություններով՝ Նովրուզի հետ կապված: Մարտի այցելությունները օգտակար էին, քանի որ լցրեցին դատարկ սեզոնը: Իսկ օգոստոսից հոկտեմբերը, որն ամենաակտիվ սեզոնն է, եթե չլինեին մոբիլիզացիայով պայմանավորված այցելություները, ավելի շատ կլինեին ՌԴ-ից պլանավորված հանգստի նպատակով այցելությունները, ինչն ավելի օգտակար կլիներ մեզ համար, քանի որ գալիս են հանգստի, շրջագայում ողջ Հայաստանում, գումարներ ծախսում հավասարաչափ»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ հանգստի նպատակով այցերը նաև կարևոր են մշակույթը ներկայացնելու տեսանկյունից:

Անդրադառնալով մարքետինգային բյուջեի մեծացման մասին նախարարի հայտարարությանը՝ Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ տարիներ շարունակ այդ հարցն էին բարձրացնում:

«Մենք միշտ ունեցել ենք մարքետինգի փոքր բյուջե, այս անգամ՝ եթե հայտարարածով ենք առաջնորդվում, այն 5 անգամ գերազանցում է նախորդ տարիների բյուջեները: Իհարկե, դա առավելագույն թիվը չէ, որ մենք կարողանանք սարեր շուռ տալ, բայց զգալի առաջընթաց է և կարելի է բավականին հարցեր լուծել»,- ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս