Սերժ Սարգսյանի ջանքերով ստեղծվել էր մի միջավայր, որտեղ նպատակը մրցունակ, մրցակցային և դինամիկ զարգացող տնտեսություն կառուցելն էր․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ․․․

Բարեկեցության ապահովման հիմքում ընկած է տնտեսական աճը։ Մեր հասարակության անցած ուղին ևս ամբողջապես ապացուցում է այս մտքի ճշմարտացիությունը։ Խոսելով Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ հարկ է նշել, որ այդ տարիներին մեր երկրում տնտեսությունը դիմակայել է ֆինանսատնտեսական ճգնաժամին, վերականգնվել և արձանագրել է տարածաշրջանային եւ համաշխարհային միջին ցուցանիշներից բարձր աճ։

Վերջին տասնամյակում, չնայած 2009 թվականի համաշխարհային աննախադեպ տնտեսական ճգնաժամին, որը հատկապես խոր հարված հասցրեց մեր տարածաշրջանի երկրների տնտեսություններին, Հայաստանի տնտեսությունը ընդարձակվել է՝ արձանագրելով անվանական ՀՆԱ-ի շուրջ երկու անգամ աճ։ 2006 թվականի համեմատ, 2017 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ արտահայտած ԱՄՆ դոլարով, աճել է 82 տոկոսով՝ զգալիորեն գերազանցելով համաշխարային տնտեսության միջին աճը՝ 38 տոկոս և մեր տարածաշրջանի միջին աճը՝ 13 տոկոս։

Այս ցուցանիշով տարածաշրջանի ընտրված 44 երկրների շարքում Հայաստանը 4-րդն էր։ Կառուցվածքային փոփոխությունները ուղեկցվել են դրական տեղաշարժերով ՝մեծացել է արդյունաբերության ու ծառայությունների դերը։ 2007-2017 թվականներին տեղի է ունեցել տնտեսության՝ դեպի արտահանումն ուղղված զարգացման հստակ տեղաշարժ։ Ֆինանսատնտեսական ճգնաժամին հաջորդած տարիներին՝ 2010-2017 թվականներին ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է տարեկան միջին 3.5 տոկոսով։

Տնտեսական աճը երկրի տնտեսության զարգացման ամփոփ բնութագրիչն է, որը պայմանավորված է ոչ միայն արտադրական ռեսուրսներով, օրենսդրությամբ, բազմաթիվ հոգեբանական ու սոցիալական գործոններով, այլ նաև ճիշտ ղեկավարմամբ և քաղաքականությամբ։

Սերժ Սարգսյանի ջանքերով ստեղծվել էր մի միջավայր, որտեղ նպատակը մրցունակ, մրցակցային և դինամիկ զարգացող տնտեսություն կառուցելն էր, նոր, ժամանակակից տնտեսություն կառուցելն էր, կայացող իրավական դաշտ և ընդհանրապես ներդրումային մթնոլորտի հետևողական բարելավումն էր»։

Տեսանյութեր

Լրահոս