
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պրոֆեսորն է. La Gazzetta dello Sport

Համաշխարհային ֆուտբոլային աշխարհում հայտնի սպորտային La Gazzetta dello Sport-ի լրագրող Մարկո Աստորը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագին ու կիսապաշտպանին՝ Հենրիխ Մխիթարյանին, ակնարկ է նվիրել, որում գովեստի խոսքեր է շռայլել ֆուտբոլիստի տաղանդի հասցեին:
Մասնավորապես, նա գրել է, որ 33-ամյա հայ ֆուտբոլիստը հասել է իր որակների գագաթնակետին, և նրան առհասարակ հնարավոր չէ փոխարինել իր դիրքում:
Լրագրողի կարծիքով՝ «ներաձուրիների» ղեկավարությունը հիանալի գիտակցում է Մխիթարյանի տրանսֆերի բոլոր առավելությունները, որոնց շնորհիվ ֆուտբոլիստը տեղափոխվեց Սիմոնե Ինձագիի թիմ:
«Նրանք շատ լավ հաշվի առան Մխիթարյանի ունիվերսալությունը. Ֆուտբոլիստը կարողանում է խաղալ բոլոր երեք դիրքերում, կարողանում է ինչպես հարձակվել, այնպես էլ պաշտպանվել, նախաձեռնում է գրոհները և հարձակողական ոճի կիսապաշտպան է:
Ըստ նրա՝ Մխիթարյանն «Ինտերի» սպորտային տնօրեն Մարոտտայի լավագույն ձեռքբերումն է վերջին 2 տարում:
«Այսօր Մխիթարյանն «Ինտերի» պրոֆեսորն է, նրան միայն պակասում էր բազմաթիվ վնասվածքներից հետո ապաքինվելով՝ լավագույն մարզավիճակի ձեռքբերումը: Այսօր դա արդեն խնդիր չէ»,- գրված է Հենրիխ Մխիթարյանի մասին հոդվածում:
Հայկական «Փյունիկից» իր ֆուտբոլային կարիերան սկսած 33- ամյա Հենրիխ Մխիթարյանը, ով հետո խաղաց դոնեցկյան երկու ակումբների՝ «Մետալուրգի» և «Շախտյորի» կազմում, ապա տեղափոխվեց գերմանական Բունդեսլիգա՝ փայլուն մրցելույթներ ունենալով Դորտմունդի «Բորուսիայում», հետագայում՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում», ապա՝ Հռոմի «Ռոմայում», փայլուն է խաղում իտալական «Ինտերում»:
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը Միլանի «Ինտերի» կազմում գոլի հեղինակ դարձավ «Ֆիորենտինայի» դեմ խաղում՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Անմիջապես այդ խաղից հետո արդեն Չեմպիոնների լիգայում՝ եվրոպական գլխավոր ֆուտբոլային մրցաշարում, «Ինտերը» վստահ հաղթանակ տոնեց Պլզենի «Վիկտորյայի» նկատմամբ՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ և «Բարսելոնային» զրկելով իր ելույթները շարունակելու հնարավորությունից: Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ հանդես եկավ նաև այդ խաղում՝ կրկին դառնալով գոլի հեղինակ: