«Քաղաքապետարանում ուսումնասիրության և մշտադիտարկումների արդյունքներով հարուցվել են շուրջ 14 քրեական վարույթներ». Ռոմանոս Պետրոսյան
Պետական վերահսկողության պետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, թե ՊՎԾ-ի թիրախում որևէ մեկը չկա, իրենց խնդիրը Նիկոլ Փաշինյանին վերապահված վերահսկողական լիազորությունների պատշաճ իրականացումն է, ինչն էլ անում են։
Խոսելով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ուսումնասիրություններից, ՊՎԾ պետն ասաց, որ գործընթացը մեկնարկել էր տարեսկզբին, այն ավարտվել է և տեղեկանքները մայիսի 31-ին տրամադրվել են Նիկոլ Փաշինյանին։
«Դրանից հետո որոշ փաստերի համադրմամբ տեղեկատվություն է փոխանցվել Գլխավոր դատախազությանը։ Դրան զուգահեռ՝ մի քանի ոլորտներում իրականացվում են մշտադիտարկումներ։ Կարող եմ ասել, որ այս պահին քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության և մշտադիտարկումների արդյունքներով հարուցվել են շուրջ 14 քրեական վարույթներ։ Խոսքը հիմնականում պետական բյուջեից դոտացիաների տրամադրման, գույքահարկի, հողի հարկի, սեփական եկամուտների մասով սխալ հաշվարկների, ինչպես նաև մի շարք սուբյեկտների դեպքում սեփական եկամուտների գծով միջոցների չգանձման փաստերի մասին է, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում առկա առերևույթ այնպիսի խախտման, ինչպիսիք են առանց տեղական տուրք ու վճարների ժամկետն անց շինթույլտվությունների մի քանի անգամ երկարաձգումները։ Ավարտական ակտերի մասով առանց վարչարարության և տեղական վճարների արտոնությունների տրամադրումը և այլն»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ 14 քրեական գործերը վերաբերում են 2011-2022 թվականն ընկած ժամանակահատվածին։ Ըստ այդմ, ընդհանրական քաղաքապետարանի իքս վարչության պետից սկսած մինչև գերատեսչության ղեկավար կարող են ընթացակարգային առումով գործընթացներում ներգրավված լինել՝ յուրաքանչյուրը՝ իր լիազորությունների և պարտավորությունների շրջանակներում։
«Ես չեմ կարող կանխորոշել՝ ում կկանչեն հարցաքննության, կամ ով ինչ կարգավիճակ կարող է ունենալ, բայց կարող եմ ասել, որ այն երևույթները, որոնք տեղի են ունեցել 2011 թվականից ի վեր, ՊՎԾ վերահսկող խմբի կողմից, որտեղ ընդգրկված են իրավաբաններ, տնտեսագետներ, ուսումնասիրվել ու փոխանցվել են վարչապետին»,- հավելեց նա։
Հարցին՝ ինչո՞ւ քաղաքապետարանում ուսումնասիրությունները սկսեցին իրականացնել այն ժամանակ, երբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հեռացավ իշխանական թիմից ու պաշտոնից, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, որ այս պահին վերահսկողական ծառայությունը պետական համակարգի մարմիններում իրականացնում է շուրջ 8 տասնյակ վերահսկողական գործընթացներ։
«Կոնկրետ բոլոր մարմիններում այս պահին բոլոր ղեկավարները հանդիսանում են մեր թիմի ներկայացուցիչներ, այսինքն՝ որևէ մեկի նկատմամբ խտրական մոտեցումը բացառում եմ։ Մասնավորապես քաղաքապետարանում կատարված ուսումնասիրության և շարունակվող մշտադիտարկումների համար հիմք է հանդիսացել դեռևս 2020 թվականին վարչապետի իջեցրած հանձնարարականը՝ կապված քաղաքացիներից ու տնտեսվարող սուբյեկտներից վարչապետի աշխատակազմ ուղարկած մեծաթիվ բողոքների հետ»,- շեշտեց նա։
Ռոմանոս Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ ստուգումներ ու մշտադիտարկումներ են անցկացնում Արդարադատության, Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի նախարարություններում, Պետական գույքի կառավարման կոմիտեում։
ՊՆ-ում նույնպես ուսումնասիրություններ կատարվում են, սակայն մանրամասների մասին ՊՎԾ պետը ոչինչ չասաց։
Ինչ վերաբերում է ապօրինի շենք-շինություններին, Ռոմանոս Պետրոսյանը նկատեց. «Եթե մեկ անգամ ապօրինի շինությունը քանդվել է, ապա չեմ կարծում, որ «առյուծի սիրտ» ունեն, որ մեկ անգամ էլ նույն շինությունը կառուցեն»։