Ինչո՞ւ է նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը խուսափում լրագրողներից

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2023 թվականի բյուջեն, որից հետո, ինչպես ԱԺ հետևի մուտքից եկել էր, այնպես էլ նույն ճանապարհով հեռացավ, մինչդեռ լրագրողները միջանցքում սպասում էին, որպեսզի նրան հարցեր ուղղեին։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ «ժողովրդավար և թափանցիկ կառավարության ղեկավարը չի շփվում լրագրողների հետ»։

Ըստ Ա. Հարությունյանի, եթե ասելիք է լինում, օրակարգ է լինում՝ կառավարության բոլոր անդամները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, առիթը բաց չի թողնում հաղորդակցվելու հասարակության հետ։

«Ձևը և ոճը գուցե տվյալ ժամանակահատվածի համար որոշի կառավարությունը, բայց ապագայում էլ, ներկայում էլ, անցյալում էր լրագրողները որևէ սահմանափակում չեն ունեցել շփվելու թե՛ ղեկավարության հետ, թե՛ գրություններով իրենց հարցերի պատասխանները ստանալու։  Դրա լավագույն ապացույցն այն ինդեքսներն են, որոնք վերաբերում են Հայաստանում մամուլի ազատությանը, այստեղ մենք զգալի բարելավումներ ունենք։ Կարծում եմ՝ նման հարցերն անտեղի են»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հարցին, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը եռամսյակը մեկ հանդիպում էր լրատվամիջոցների հետ, Արայիկ Հարությունյանը մեղադրեց լրատվամիջոցներին, թե պետք է լրատվամիջոցներն իրենց հարց տան, թե ինչո՞ւ է տեղի ունեցել այդ ռեգրեսը։

«Թող մի քիչ էլ այլ տեղերում փնտրեն պատասխանը։ Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ և նման հնարավորությունների դեպքում ցանկացած հարց կարող եք տալ, չեմ կարծում, որ ամենօրյա շփումն արդյունավետ է նաև, օրինակ, նախարարների համար»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականից հետո խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների տեղաշարժն ԱԺ-ում սահմանափակվել է, նրանք իրենց աշխատանքը կարող են իրականացնել սահմանափակ տեղերում, որտեղ մշտապես կանգնած են լինում անվտանգության մի քանի աշխատակիցներ։

Ի դեպ, վերջին 1,5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած՝ «ասուլիսներ» կազմակերպում է հետևյալ ձևաչափով՝ հրավիրում է մեկնաբանի՝ Հանրային հեռուստաընկերությունից, ով նրան ուղղում է օնլայն ուղարկված հարցերը։

Տարբեր լրատվամիջոցների կողմից ուղարկված հարցերն այդպես էլ չեն հնչում, այսինքն՝ լրատվամիջոցների հարցերը «սորտավորվում» են, որի արդյունքում շատ հարցեր եթերից դուրս են թողնում։

Նշենք նաև, որ արդեն մեկ տարի է՝ կառավարության ամենշաբաթյա նիստերից հետո, լրագրողների հետ շփվում է մեկ կամ երկու նախարար, մյուսները նիստից անմիջապես հետո հետևի մուտքից հեռանում են։

 

Տեսանյութեր

Լրահոս