«Փաշինյանի տիկինը լավ կանի անդրադառնա իր «Էրատո»-ի կանանց». Տաթև Թադևոսյան
ՀՀԿ խորհրդի անդամ Տաթև Թադևոսյանի կարծիքով՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը գործող իշխանությունների թեթև ձեռքով ջախջախվել է:
«Ունենք վիրավոր Հայաստան, Արցախը ծախվեց, իսկ Սփյուռքը պարզապես մասնատվեց, ու Քրիստինե Հալաջյանի նմանները սև ու սպիտակի բաժանումը մտցրեցին նաև Սփյուռքի մեջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Նիկոլին հեռացնելու միակ տարբերակը դեռևս մնում է փողոցը: Փողոցի միջոցով, հնարավոր է՝ կկարողանանք վերջապես ընտրել մի առաջնորդ, ով կկարողանա վերջնականապես վերջ տալ այս իշխանությանը, այսինքն՝ մենք հրաժարվենք Նիկոլից, որովհետև հայերի համար լավագույն լուծումը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է»,- ասաց նա:
Տաթև Թադևոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանն ու Արցախը մտցրել է այնպիսի կեղտոտ աշխարհաքաղաքական խաղի մեջ, որ ընտրությունը վատի և վատագույնի միջև է.
«Պատկերացրեք՝ նավը խորտակվում է, այդ ժամանակ փրկօղակը մեզ տալիս է մեկը, ում հետ այդքան էլ սերտ հարաբերություններ չունենք կամ ինչ-որ անհամաձայնություններ ունենք, ու տեսնում ենք, որ հեռվից ինչ-որ նավ է գալիս, բայց չգիտենք՝ դրա մեջ ով կա. Հիմա ի՞նչ անենք, խորտակվենք, բայց փրկօղակը չվերցնենք՝ սպասելով այդ նավի՞ն:
Սա վերաբերում է Ռուսաստանին. Այսօր եռակողմ հանդիպման ժամանակ հստակ է, որ մի հոգի կա, ով քիչ թե շատ մտածում է Հայաստանի և Արցախի ապագայի մասին՝ դա ՌԴ նախագահն է: Կարծես, նա ինքը փորձում է Հայաստանի և Արցախի համար կռիվ տալ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ»:
Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ այս ամենը ռուս-թուրքական պայմանավորվածության մաս է, և որ 44-օրյա պատերազմն էլ էր ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունք, նա արձագանքեց.
«Միայն մի բան կարող եմ ասել՝ եթե ՀՀ-ն ունենար հայրենանվեր առաջնորդ, ապա 44-օրյա պատերազմի ընթացքում չէինք ունենա այս արդյունքները՝ աշխարհաքաղաքական ինչ խաղ էլ որ լիներ»:
Անդրադառնալով Աննա Հակոբյանի ակտիվությանը՝ նա հետևյալն ասաց. «Փաշինյանի տիկինը լավ կանի անդրադառնա իր «Էրատո»-ի կանանց, որոնցից ամեն մեկն ինչ-որ շատ հետաքրքիր կենսագրություն ունի, թող առհասարակ բերանը չբացի ու չխոսի մեր հերոսածին մայրերի մասին: Ինչ վերաբերում է նրա ակտիվությանը, ապա նա ակտիվ է եղել 2018թ. հենց առաջին օրվանից, պարզապես չի երևացել, իսկ հիմա շատ բացահայտ գործունեություն է ծավալում»:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելն է. «Հայաստանի փրկությունն այսօր միայն կախված է նրանից, որ կարողանանք օր առաջ ազատվել Նիկոլ Փաշինյանից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում