
Վրաստանում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել. վարչապետ

Վրաստանի տնտեսությունը 2022 թվականի ինն ամսվա ընթացքում աճել է 10,2 տոկոսով, ինչն աննախադեպ ցուցանիշ է ողջ Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով կառավարության նիստում:
«Ես ցանկանում եմ նշել տնտեսական աճը: Ինչպես ձեզ հայտնի է, ընթացիկ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ լարվածության ֆոնին մենք պահպանում ենք բարձր տնտեսական աճը: Ինն ամսվա ընթացքում Վրաստանում գրանցվել է 10,2 տոկոս տնտեսական աճ: Դա աննախադեպ է ամբողջ Եվրոպայում»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:
Վրացական կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ երկրի արտահանումն աճել է 40 տոկոսով, եւ ինն ամսվա ընթացքում աճը կազմել է 37,4 տոկոս: Իսկ արտահանումից եկամուտները կազմել են 4 միլիարդ դոլար:
«Զբոսաշրջությունը վերականգնվում է արագ տեմպերով: Եթե մենք համեմատենք 2019 թվականը, ապա այս տարի զբոսաշրջությունը վերականգնվել է 97,5 տոկոսով: Դրանից եկամուտները կազմել են 2,5 մլրդ ԱՄՆ-ի դոլար»,-ասել է վարչապետը: Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, նման բարձր տնտեսական աճը կպահպանվի մինչեւ տարեվերջ, եւ տարվա վերջին սպասվում է երկնիշ տնտեսական աճ, հաղորդել է Sputnik-ը: