2023-ին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3,1 տոկոսը

2023 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը՝ նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«2023 թվականի համար նպատակադրվել է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի 0,5 տոկոսային կետով աճ, որի արդյունքում ՀՆԱ-ի հարկերը կկազմեն 23,7 տոկոսը», – ասաց ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանի խոսքով՝ 2023 թվականին թե՛ տնտեսական աճին նպաստելու, թե՛ ծախսերի կառուցվածքի բարելավմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրումների ներքո նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 5,9 տոկոսի ու նվազեցնել ընթացիկ ծախսերը՝ հասցնելով 21,9 տոկոսի:

«Այպիսով՝ 2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3,1 տոկոսը, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպաստելով պարտքի բեռի փոքր՝ 1 տոկոսային կետով նվազման՝ մինչև 49,7 տոկոս», – ասաց Մարտին Գալստյանը:

Տեսանյութեր

Լրահոս