Հիմա գնդակը Հայաստանի դաշտում է. պետք է համախմբել հայ ժողովրդի ներուժը. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, մի շարք հարցերին զուգահեռ, անդրադարձավ նոյեմբերի 5-ին Երևանում սպասվող միասնության հանրահավաքին։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ այսօր Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը գտնվում են պատմական փուլում, և երկու հայկական պետությունները դիմագրավում են բազմաթիվ մարտահրավերներ, ուստի այս պայմաններում հասարակության մեջ կա երկու հիմնական տեսակետ։
«Մի տեսակետն այսօրվա իշխանություններինն է, որն ասում է, թե նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով ավարտված պատերազմը այլևս դատավճիռ է, չկա որևէ ռեսուրս ու հնարավորություն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Նրանք հայ ժողովրդին առաջարկում են նոր կորուստների ու զրկանքների գնով գնալ երևակայական խաղաղության հետևից։ Ըստ էության առաջարկում են, որ զիջենք հայրենիքի մի մասը՝ մնացած մասը փրկելու համար։
Երկորդ տեսակետն առաջարկում են ազգային ուժերը և ըստ էության ժողովուրդը, դա պայքարի օրակարգն է։ Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, չպետք է համակերպվել ստեղծված իրավիճակին, հայրենիքի մի մասը զիջելով՝ կզիջենք ամբողջը, և օրվա իշխանության առաջարկած օրակարգը կործանարար է։ Առաջարկում ենք համախմբել ողջ ժողովրդի ներուժը, համախմբել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, մոբիլիզացնել համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները և լծվել հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործին»,- նշեց Իշխան Սաթաթելյանը։
Այս համատեքստում նա անդրադարձավ նաև երեկ Արցախում տեղի ունեցած հանրահավաքին, որը ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի գնահատմամբ՝ պատմական իրադարձություն էր, ըստ այդմ էլ նա առանձնացրեց երեք հանգամանք, որոնք տեղի ունեցան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նախ, Արցախի պետական կառավարման մարմինները, խորհրդարանական ուժերը մեկ միասնական ճակատով հայտարարեցին, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի լինելու։ Արցախում հստակ հայտարարեցին, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ անընդունելի է Արցախի ժողովրդի համար և արժանանալու է դիմադրության։ Եվ երրորդ՝ Արցախում հայտարարվեց, որ ՀՀ ցանկացած իշխանություն չունի որևէ իրավունք ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։
«Երեկ Արցախից շատ հստակ ուղերձ հղեցին համայն հայությանը, հայ ժողովրդին, որ շարունակեք տեր կանգնել Արցախին, սատար կանգնեք Արցախի ազգային շահերին, կանգնեք Արցախի կողքին։
Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնության հանրահավաք է, միասնություն Արցախի ինքնիշխանության շուրջ, միասնություն Հայաստանի տարածքային ամբողջականության, անվտանգության շուրջ։ Այդ հանրահավաքը հրավիրել է Դիմադրության շարժումը, բայց այն հայ ժողովրդի հանրահավաքն է։ Հետևաբար՝ ՀՀ քաղաքացին մասնակցելով այդ հանրահավաքին, նախ պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին, որը սակարկման ենթակա է»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը դիմեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին, ակնկալելով նրա օրհնությունն ու աջակցությունն այդ շատ կարևոր նախաձեռնությանը, այնուհետև մտավորականությանը և երիտասարդությանը, քաղաքական ուժերին՝ տեր կանգնել հայրենիքին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում