Բժիշկն նշել է վատ տրամադրության դեմ պայքարելու սննդամթերքները
Աշնանային վատ տրամադրությունը հաղթահարել և տրամադրությունը բարձրացնել կարելի է սննդակարգը կարգավորելու միջոցով՝ հարստացնելով այն կանաչեղենով, բանջարեղենով և ձկնկիթով, ըստ shantnews-ի՝ փոխանցում է Известия պարբերականը՝ մեջբերելով թերապևտ, սննդաբան, Ռուսաստանում XFIT ֆիթնես-թեստավորման մասնագետ Մարգարիտա Բուդասսի խոսքերը։
Ինչպես պարզաբանել է մասնագետը, ուրախության հորմոնի՝ սերոտոնինի հիմնական քանակությունը սինթեզվում է աղիներում։ Այս գործընթացի վրա բարերար ազդեցություն ունեցող մթերքներից մեկը սննդաբանն անվանել է ձկնկիթը (կարմիր, սև կամ մինտայ): Այս մթերքը հարուստ է տրիպտոֆան ամինաթթվով, որը մասնակցում է լավ տրամադրության ձևավորմանը։
«Կանաչեղենը և բանջարեղենը մանրաթելերի աղբյուր են, որոնք անհրաժեշտ են աղիների առողջ միկրոֆլորայի համար, քանի որ օգտակար մանրէները ոչ թե շաքար են սիրում, այլ սամիթ, հազարի տերևներ կամ ջեռոցում եփած սառը կարտոֆիլ: Ընտրեք բանջարեղենն ու կանաչեղենը, որոնք աճում են ձեր տարածքում, դրանք շատ ավելի օգուտ կբերեն, քան էկզոտիկները», – խորհուրդ է տվել Բուդասսին:
Ոչ պակաս օգտակար է մասուրի թուրմը, որը պարունակում է վիտամին C։ Այս մթերքն օգնում է պայքարել քաղցր ուտելու հակումների դեմ, որն ավելանում է այդ վիտամինի պակասի դեպքում։
Սննդաբանը նաև ուշադրություն է հրավիրել հավի ձվի օգտակար հատկությունների վրա. դրա բաղադրության մեջ պարունակվող լեցիտինն օգնում է վերականգնել նյարդային բջիջները, ինչով պայմանավորված է այս մթերքի դրական ազդեցությունը տրամադրության, հիշողության և կենտրոնացման վրա։ Ընդ որում, խորհուրդ է տրվում ուտել շաբաթական յոթ ձվից ոչ ավելի, քանի որ դրանք մեծ քանակությամբ խոլեստերին են պարունակում, ընդգծել է Բուդասսին։