Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա. կա ավելի վտանգավոր բան, քան՝ թուրքական սպառնալիքը. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է «Կա ավելի վտանգավոր բան, քան՝ թուրքական սպառնալիքը» վերտառությամբ հոդված, որում անդրադարձել է Արցախի ճակատագրի վերաբերյալ ՌԴ նախագահի վերջին հայտարարությանն ու, ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակին:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը.
«Պուտինի հնչեցրած ձևակերպումներից հետո մենք թևակոխել ենք նոր փուլ։ Միակ բանը, որ չի կարելի անել, հիստերիան է՝ քաղաքական, ինստիտուցիոնալ, անձնական և ազգային։ Հակառակը, պետք է առավելագույնս սառնասիրտ հասկանալ նոր իրողությունը.
1. Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա։ Պուտինի խոսքը ոչ այնքան Արցախին էր վերաբերում, որքան՝ Հայաստանին։
2. Նիկոլը ամեն ինչ շատ լավ պատկերացնում է, ու եթերից չէ, որ իմանում է ծայրահեղ ռիսկերի մասին։ Իշխանության 95 տոկոսը իրավիճակը չի պատկերացնում, բայց դա չի փոխելու պատմության ընթացքը՝ թե ինչ կարող է լինել պետության հետ, ու նաև՝ իրենց։ Նիկոլը երբեք նրանց ճիշտը չի ասի։
3. Ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի հասկանում իրավիճակը։ Դա նորմալ է. ուկրաինացի ժողովուրդն էլ մինչև փետրվարի 23-ը չէր հասկանում, ավելին՝ չէր լսում բաց տեքստերով ասվածը։ Սովորաբար ժողովուրդները չեն հասկանում իրավիճակը մինչև փաստը չկատարվի։ Դա հետո 10 միլիոնից ավել մարդ կարտագաղթի, կքանդվեն հազարավոր բնակավայրեր, շքեղ քաղաքները, ընտանիքները, ճակատագրերը։
4. Ակտիվ ընդդիմադիրների մի զգալի մասը նույնպես չի հասկանում իրավիճակի ողջ խորությունը։ Ու հենց այդ պատճառով է, որ կամ արտասանում են «դեմ ենք վաշինգտոնյան պայմանագրին, կողմ՝ ռուսականին», շուտասելուկը, կամ՝ «ոչ մի ճանապարհ չպետք է տալ» և այլն։ Խաղաղության պայմանագիրը պոնչիկանոցի պոնչիկ չէ, որ «ընտրես ջեմովը, մերժես՝ կրեմովը»։ Ավելի լուրջ է պետք լինել։
Ժամացույցը միացված է
Ամենավտանգավոր խնդիրը այսօրվա իշխանության կառուցվածքն է։ ՄԵԿ հոգին ունի հնարավորություն՝ որոշելու ողջ պետության, միլիոնավոր մարդկանց և գալիք սերունդների ճակատագիրը։ Սրանի´ց է պետք վախենալ, և ոչ թե՝ հնարավոր պայմանագրից։ Սա ավելի վտանգավոր է, քան թուրքական սպառնալիքը, հատկապես որ որևէ մեկը չունի պատկերացում, թե ինչ է ծրագրում նա իրականում։
Ըստ այդմ, ՄԵԿ հոգին կարող է ստորագրել «վաշինգտոնյան տարբերակը», կարող է ստորագրել ռուսականը, որը ոչ ոք չգիտի, թե ինչ է, կարող է չստորագրել ոչ մեկը։ Առաջին դեպքում մենք ոչ միայն կորցնելու ենք Արցախը, այլև թուրքական ներխուժումը Հայաստան ամիսների խնդիր է լինելու։ Բոլորին «ֆռցնելու» և ոչինչ չստորագրելու դեպքում մենք մնում ենք օդում կախված պետություն, որը ոչ միայն չի ստանալու որևէ միջազգային աջակցություն, այլև ընկալվելու է որպես պատերազմ հրահրող, ապակառուցողական կողմ։ Չարյաց փոքրագույնը, թերևս, ռուսական տարբերակի շուրջ գրագետ բանակցելն է և իրական հողի վրա իրական երաշխիքներ պահանջելը։
Բայց եթե այդ մեկ հոգին իր մեջ արդեն կայացրած որոշում ունի, ապա կարող է վիժեցնել մյուս բոլոր պոզիտիվ հնարավորությունները։ Մենք արդեն իսկ թույլ ենք տվել, որ ՄԵԿ հոգին հարյուր անգամ հայտարարի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է 2007-ից, ինչը սեփական անձը փրկելու համար նախատեսված ծայրահեղ սուտ է, և այդ ստով ահռելի վնաս է հասցվել պետությանը։ Թույլ ենք տվել, որ պրահաներում ու բրյուսելներում ընդունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է. սա մեծապես դժվարացրել է թե´ Սոչիի, թե´ հետագա բանակցությունների մեր դիրքերը. Ալիևն ամեն անգամ ցիտելու է ՄԵԿ հոգուն։
ՄԵԿ հոգու այլընտրանքը
Իրավիճակը կլիներ նվազ վտանգավոր և ավելի կանխատեսելի, եթե ձևավորված լիներ ՄԵԿ հոգու այլընտրանքը։ Եթե հնարավոր լիներ հասարակությանը և միջնորդներին ներկայացնել, թե որն է ՄԵՐ՝ մյուսներիս տեսակետը, մեր դիրքորոշումը։ Եթե իշխանության լինենք ՄԵՆՔ, ո՞ր հարցը ինչպես ենք պատկերացնում, ինչպե՞ս ենք բանակցելու, ինչպե՞ս ենք պատկերացնում խաղաղության հաստատումը և Հարավային Կովկասի ճարտարապետությունը՝ ընդհանրապես։ Սա´ է, որ այս պահին չունենք, սրա պատճառով է, որ Նիկոլը իշխանության է, սրա պատճառով է, որ հասարակությունը չի հասկանում, թե ո´ր տաբերակը ուր է տանում, և ինչ պետք է անել՝ Ուկրաինայի ու Դամասկոսի չվերածվելու համար։
Չկա միասնական տեսակետ, չկա միասնական բովանդակություն, չկա միասնական տեսլական. նման պայմաններում ուզում եք ժողովրդական համախմբու՞մ։ Ինչի՞ շուրջ, եթե մարդիկ չեն հասկանում, թե ի´նչ եք ասում։ Նույնիսկ նույն խմբակցության պատգամավորները նույն առանցքային հարցի վերաբերյալ լրիվ տարբեր բաներ են ասում։ Սա լուրջ չէ։
Լրջությունը գործ է, որը պետք է արվի
1. Օրվա հրամայական է ընդդիմադիր նոր ձևաչափի ստեղծումը։
2. Օրվա հրամայական է տեղեկատվական միասնական կենտրոնի ստեղծումը։ Այս երկու կետերը կտրուկ կլրջացնեն ՄԵԿ հոգու այլընտրանքի գաղափարը, դրան կհաղորդեն երևացող ուրվագծեր։
3. Չխեղդվելու համար վաշիգտոնյան և ռուսական տարբերակների միջև և խուսափելու համար աղետից՝ մեզ պետք է ունենալ խաղաղության պայմանագրի, դելիմիտացիայի, Արցախի ճակատագրի, կոմունիկացիաների բացման, անվտանգության երաշխիքների՝ մեր կողմից մշակված սկզբունքները, բայց ոչ թե անցյալ կյանքի, այլ՝ այսօրվա իրականությունը հաշվի առնող։ Լինենք լուրջ, և մեզ լուրջ կվերաբերվեն։ Դատարկախոսների կաստաները այլևս չպետք է անելիք ունենան։
4. Ամենահրատապը, հարցերի հարցը մնում է՝ ՄԵԿ հոգուն չլիազորել 3 մլն հայության և ողջ պետության ճակատագիրը միակամ որոշելու, խափանել այդ մեխանիզմը։ Սա կարևոր է նաև հենց ի´ր համար, եթե նույնիսկ նա այս պահին չի հասկանում»։