
Արցախի նախագահը մասնակցել է ԱԻՊԾ կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմավորման 30-ամյակի, ինչպես նաև փրկարար ծառայողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Երկրի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված համալիրի տարածքում կանգնեցված խաչքար-հուշարձանին:
Իր ելույթում նախագահ Հարությունյանը նշել է, որ փրկարար ծառայության անձնակազմն այս տարիների ընթացքում անձնուրացությամբ է կատարել իր առջև դրված խնդիրները, ինչը միմիայն դրվատանքի է արժանի: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր ջանքերը ծառայության հնարավորությունների ընդլայնման ու արդիականացման, ինչպես նաև աշխատակիցների սոցիալ-տնտեսական կարիքների լուծման ուղղությամբ:
Օրվա առթիվ Հանրապետության նախագահը ԱԻՊԾ մի շարք ծառայողների կոչումներ ու մեդալներ է շնորհել: