Սեուլում Հելոուինի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Իթհևոն թաղամասում, որտեղ կան բազմաթիվ գիշերային ակումբներ, ռեստորաններ և սրճարաններ, տեղի է ունեցել զանգվածային հրմշտոց՝ դառնալով ավելի քան 150 մարդու մահվան պատճառ:

Ինչպես գրում է BBC-ն, ողբերգությունը տեղի է ունեցել կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից հետո առանց դիմակների առաջին զանգվածային տոնակատարության ընթացքում:

Մահացածների մեծ մասը անչափահասներ և 20-ն անց երիտասարդներ են: Հրշեջները զոհերի մեծ թիվը բացատրում են «բազմաթիվ մարդկանց ոտնահարվելու» փաստով։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը համազգային սուգ է հայտարարել։ Արտակարգ հանդիպումից հետո նա հրամայել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վիրավորներին օգնություն ցույց տալու համար:

Աշխարհի մի քանի առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արդեն իրենց ցավակցություններն են հայտնել:

Աղբյուրը գրում է, որ Հելոուինը Հարավային Կորեայում տարածված տոն չի համարվում, սակայն Իթհևոնը, որը միջազգային մշակութային մթնոլորտ ունեցող տարածք է, դարձել է այն նշել ցանկացողների հավաքատեղին: Մարդկանց հրմշտոցի ժամանակ տարածքում կարող էր եղած լինել մինչև 100 000 մարդ՝ հիմնականում երիտասարդներ, ոմանք՝ կոստյումներով։

Թե ինչից է սկսվել հրմշտոցը, հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս