«Սա է պետք սովորեցնել մանկապարտեզից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ». Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարմասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրապես կրթված է համարվում այն մարդը, ով առկա ռեսուրսները կարողանում է ճանաչել և հասկանալ, ու դրանց հիման վրա, առանց արտաքին ուժի ուղղորդման, կարողանում է արարել, ստեղծել:
Իրական կրթվածը նա է, որ գիտի ուր նայել, գիտի լուրջ հարցեր բարձրացնել, հարկ եղած դեպքում գիտի հարցականի տակ դնել ստանդարտ ուսմունքները, կարողանում է սեփական ճանապարհը հարթել իր կողմից բարձրացված հարցերի շուրջ. Սա կնշանակի իմանալ և հասկանալ շատ բաներ, և որ ավելի կարևոր է իմանալ, թե ուր նայել, ինչպես նայել, ինչպես հարցադրում անել, ինչպես աշխարհում առկա մարտահրավերներին դիմակայել ինքնուրույն [ուղղված անձամբ քեզ և միջավայրին], և այս ամենն անելիս` ինչպես այլոց հետ համագործակցել:
Սա է պետք սովորեցնել մանկապարտեզից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ: Եվ այս մարդիկ են, որ համարվում են իրապես կրթված:
Սրանք իմ մտքերը չեն, սակայն սրանք վաղուց հայտնի են ու ինձ համար ամբողջությամբ ընդունելի. Շարունակական ինքնակրթության ճանապարհին այս բանաձևով եմ առաջնորդվում: Եվ սա անելով հանդերձ` այլ մարդկանց էլ այս տեսանկյունից եմ դիտարկում. Տխուր է շատ, որ գերակշիռ դեպքերում հանգում եմ նրան, որ անխոս բանականություն ունեցող շանս հետ ավելի իմաստալի շփում կլիներ:
Ու սրա հետևանքը իմ մասնավոր անպետք հիասթափությունը չէ, որ կարիք ունի ուշադրության. Սրա ուշադրության արժանի հետևանքը քայքայված և անպիտան հանրույթն է, իր սինլքոր ղեկավարներով, որ ունակ չէ հանրային բարիք ստեղծելուն: