Ինչո՞ւ էր Վահան Քերոբյանը հայտնվել մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլի մրցույթի վայրում
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց մանկական Եվրատեսիլի՝ Հայաստանի մասնակցի անունը: Եվրոպական երգի մանկական տարբերակի մրցույթում մեր երկիրը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը:
Նշենք, որ մանկական Եվրատեսիլ մրցույթն այս տարի տեղի կունենա Երևանում՝ այն բանից հետո, երբ նախորդ տարի կանխատեսելիորեն մանկական երգի մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Մալենան:
168.am-ին ուշագրավ մանրամասներ են հասել Եվրատեսիլյան նախընտրական փուլից:
Պարզվում է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անձամբ է իր դստերը տարել, որ մասնակցի այդ մրցույթի նախընտրական փուլին:
Մրցույթի մասնակից երեխաներից մեկի ծնողի խոսքով՝ Վահան Քերոբյանը ներկայացել է բոլորի հետ միասին, այնքան ազատ ժամանակ է ունեցել, որ բազմաթիվ ծնողների հետ սպասել է մրցույթի արդյունքների հրապարակմանը, սակայն պարզվել է, որ նրա դուստրն անգամ թեկնածուների հնգյակի թվում չի եղել:
Վահան Քերոբյանը, ով իր սկանդալային հայտարարությունների պատճառով հաճախակի է հայտնվում ծիծաղելի իրավիճակներում, հերթական անգամ գերազանցել է ինքն իրեն: Անհասկանալի է՝ ի՞նչն է նրան մոտիվացրել գնալ ու ժամերով կանգնել մրցույթի վայրում. որ ցույց տա՝ ինչ սիրող հա՞յր է ինքը, թե՞ որ իր համար հերթական PR-ն ապահովի՝ տեսեք-տեսեք՝ բոլորը տեսան, որ էկոնոմիկայի նախարարի դուստրն է մասնակցում Եվրատեսիլի մրցույթին, բայց նա չանցավ:
Հերթական էժան, պոպուլիստական քայլն է, որից ոչ մի կերպ չի թոթափվում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: