Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ի վերջո պետք է լուծումներ գտնեն սահմանազատման և խնդրահարույց հարցերի շուրջ. Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, գրում է interfax.ru-ն։
«Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ, շարունակում է հանդես գալ և օգնություն կտրամադրի, որպեսզի երկու երկրները հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- հայտարարել է Մատվիենկոն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։
Դաշնային խորհրդի նախագահը հիշեցրել է, որ ելույթ ունենալով Վալդայ ֆորումում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կօգնի տարածաշրջանում խաղաղության հասնելուն և, իհարկե, պետք է հաշվի առնի երկու երկրների շահերը։
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ի վերջո պետք է լուծումներ գտնեն սահմանի սահմանազատման և խնդրահարույց հարցերի շուրջ»,- ասել է Մատվիենկոն։
Նա նշել է, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաև խորհրդարանական համագործակցությունը։
Հանդիպումն անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակում։