«Ժամանակն ափսոս է, որպեսզի Զարեհ Սինանյանի ասածները մեկնաբանեմ». Գեղամ Մանուկյան

«Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը պետք է ուղեղով աշխատեր, ոչ թե փաշինյանական նեղ անձնական ամբիցիաներով, և հավուր պատշաճի փորձեր անցնող ամիսներին կազմակերպել հայրենիք-սփյուռք համաժողովը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Երևանում հոկտեմբերի 28-31-ն անցկացվելիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։

Պատգամավորի խոսքով՝ այսօրվա իշխանությունների մոտ ամեն ինչ աննախադեպ է, անգամ սփյուռքից անհատների մասնակցությամբ հավաքը պատկերացնում են գագաթնաժողով։

«2018 թվականից սկսած՝ իշխանության գալուց հետո այս քաղաքական ուժը և Փաշինյանն առաջին իսկ օրվանից փորձեցին վնաս հասցնել բոլոր համահայկական կառույցներին, պետական համակարգի բոլոր կառույցներին։

Առաջին հարվածները՝ Հայ Առաքելական եկեղեցի, ավանդական կուսակցություններ, ՀՀ Զինված ուժեր, սփյուռք։ Հայտարարեցին, որ սփյուռքի հետ անհատապես են աշխատելու և առաջին իսկ օրվանից փորձեցին անհատներով ձևավորել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, որն ի սկզբանե հայտնի էր, որ ձախողվելու է։

Կարդացեք նաև

Այս 4 տարվա քաղաքականությունը՝ պատերազմ, պատերազմից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամից այդ խայտառակ փողերի մսխումը, իրավական գնահատական չեմ տալիս, չեմ ասում՝ յուրացումը, սփյուռքի հիասթափություն և այլն, եկավ հանգեց նաև սփյուռքի ամենաակտիվ գործիչներից մի քանիսի, ամենակարևորի՝ ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի համայնքի կարևոր ներկայացուցիչ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքն արգելելուն։

Այդ փլուզման քաղաքականության մեջ է, որ այդ օրերին գումարվելիք «Հայրենիք-Սփյուռք համաժողովը» կազմակերպվել է անհատական հրավերներով»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում Զարեհ Սինանյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ն հրաժարվել է մասնակցել այդ գագաթնաժողովին, Գեղամ Մանուկյանն ասաց, որ Սինանյանը ստում է․

«Զարեհ Սինանյանը ճիշտ չի՛ ասում, Հանրային հեռուստաընկերության եթերում էլ ճիշտ չի ասում, եթե չասեմ՝ ստում է։ Որևէ համահայկական կառույց, կոնկրետ Հայ հեղափոխական դաշնակցությունը պաշտոնապես որևէ հրավեր չի ստացել։ Եթե նրանց թվում է, որ անհատ դաշնակցականների այստեղ-այնտեղ կարող են հրավեր տալ և դա ձևակերպել՝ որպես ՀՅԴ-ին ուղղված հրավեր, չարաչար սխալվում են։

Ով-ով, Զարեհ Սինանյանը շատ լավ գիտի դաշնակցության կազմակերպվածությունը․․․ Ցավոք սրտի, սա մեր երկրի վերջին 4 տարիների խայտառակությունների շարքն է, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը պաշտոնապես հրաժարվում են Հայաստան-սփյուռք համաժողովին մասնակցել։ Պառակտումը խորանում է, իշխանությունն անդադար փորձում է ճաքեր առաջացնել սփյուռքում»։

Լրագրողի դիտարկմանը, որ Զարեհ Սինանյանը Հանրայինի եթերում ասել է, թե հնարավոր է ՀՅԴ-ն փոքրիկ խուլիգանական գործողություններ իրականացնի՝ փորձելով տապալել համաժողովը, ընդդիմադիր պատգամավորն այսպես արձագանքեց․

«Մեր ժամանակն ափսոս է Զարեհ Սինանյանի ասածները մեկնաբանելու համար․․․»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացվելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողով, որն ունենալու է շուրջ 600 մասնակից ավելի քան 40 երկրից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք ներկայացնելու են համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:

Միջոցառմանը մասնակցել հրաժարվել են Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս