5 միլիոն դրամ՝ 6 ամսվա պարտադիր զինվորական ծառայությունից հետո 5 տարով պայմանագրային դառնալու դիմաց
«Պայմանագրային Զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով՝ առաջարկվում է ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից՝ պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց ծրագիր»,- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը կառավարության նիստում զեկուցելիս՝ նշեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա մանրամասնեց՝ ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո, կառավարության սահմանված կարգով, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի:
«Պայմանագրի ժամկետը լրանալու, կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով՝ ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս՝ նրանց համար սահմանելով պատվո վճար ստանալու իրավունք: Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվում է ազատորեն:
Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման՝ օրենքով սահմանված կարգով, և դրական արդյունքների դեպքում՝ նրանց համար հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը: Միաժամանակ, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում՝ պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինորական ծառայության ժամկետում, և զինծառայողն ուղարկվելու՝ շարունակելու չծառայած մասը»,- մանրամասնեց Սուրեն Պապիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում