Հոկտեմբերի վերջին Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում` Սոչիո՞ւմ. ռուսական աղբյուրները մանրամասներ են բացահայտում
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հնարավոր է` հանդիպեն Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման մեկնարկի մասին հայտնել է ռուսական «Վեդոմոստիի» դիվանագիտական աղբյուրը։
Նրա փոխանցմամբ, աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև «տարածքային վեճերը»։ «Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ նման բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, որոնց անցկացման հիմնական վայրեր համարվել են Մոսկվան և Սոչի։ «Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կմնա Սոչիի վրա»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Աստանայում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր հանդիպում անցկացնել Ռուսաստանում: Պուտինը նշել էր, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»։ «Ես հաճույքով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ, և ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա՝ հանդիպելու Ռուսաստանում», – ասել էր նա ԱՊՀ գագաթնաժողովում: