Ի՞նչ է պետք Աստծուն ճանաչելու համար
Մեզ երբեմն թվում է ՝ Աստծուն ճանաչելու համար բացառիկ տաղանդ պետք է ունենանք, իսկ իրականում ամեն բան այդքան էլ բարդ չէ։ Աստծուն ճանաչելու համար առաջին հերթին հավատ է հարկավոր։ Կար ժամանակ, երբ հավատքի մեջ թերացել էի ու ինքս ինձ համոզել, թե առանց Աստծո էլ կարող եմ շատ լավ ապրել, հետո հասկացա, որ ես ոչինչ եմ պարզապես, երբ չկա իմ կյանքում Տերը։ Որքան էլ փորձեմ բացատրել այդ դատարկության խորությունը, միևնույնն է այն բառերով հնարավոր չի լինի ցույց տալ։ Ես հասկացա, որ առանց հավատի մարդը չի կարող ապրել իր երազածի պես երջանիկ ու լիարժեք։ Աստված է, որ շնորհում է մեզ լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն։
Երբ բացակայում է հավատը, Աստծուն մոտենալը այլևս անիմաստ է դառնում, ուստի՝ նախ և առաջ մեր մեջ պիտի նորոգենք հավատը։ Տերը տեսնում է մեր հոգիները, և հենց սրանք՝ անկեղծությունն ու բարի կամքն են առաջնային պայմաններն Աստծուն ճանաչելու համար։
Հետևաբար, Տիրոջը հավատալով միայն հնարավոր կլինի բացահայտել Նրան։ Ինչպես Քրիստոս է ասում․ «Որովհետև դու ինձ տեսար և հավատացիր, երանի՜ նրանց, ովքեր չեն տեսել, և սակայն կհավատան» (Հովհ. 20:29)։
Եթե ցանկանում ենք իսկապես ճանաչել Աստծուն, ապա պետք է գիտակցենք, որ այն մեկ օրում մեզ չի տրվելու․ «Համբերություն ձեռք բերողը հույս է ձեռք բերում: Քանզի նա զարդարված է ամենայն բարի գործով: Այդ պատճառով էլ համարձակորեն ձայնում է Աստծուն՝ ասելով. համբերությամբ սպասեցի Տիրոջը, և նա նայեց ինձ և լսեց իմ աղոթքը» (Սաղմ. 39. 2):
Հիսուսը եկավ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը Աստծուն անձամբ ճանաչելու և հասկանալու հնարավորություն ստանա: Հիշում եք՝ ինչ էր ասում Հիսուս. «Ես եկա, որ կյանք ունենան և` առավել ևս» (Հովհ 10:10):
«Քրիստոնյա դառնալ» չի նշանակում պարզապես հարել քրիստոնեական հավատքին կամ եկեղեցի հաճախել: Երբ քրիստոնյա ես դառնում, Քրիստոսն անձամբ բնակվում է քո մեջ` քո սրտում և կյանքում։ Նա ասաց. «Ահա՛վասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ, եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ» (Հայտնություն 3:20):