Բաժիններ՝

Տեն Հագը հայտարարել է, որ հույս է դնում Ռոնալդուի վրա մինչև մրցաշրջանի ավարտը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ հույս է դնում թիմի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի վրա:

Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Չելսի»-ի դեմ խաղին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տեն Հագն ընդգծել է, որ չի ցանկանում կորցնել Ռոնալդուին: «Ես ասել եմ, որ չեմ ցանկանում կորցնել նրան: Ես ցանկանում եմ, որ նա հայտացուցակում լինի և ներգրավվի ցանկացած խաղի մեջ, որովհետև նա ազդեցություն ունեցող ֆուտբոլիստ է»,- ասել է Տեն Հագը:

Նա հավելել է, որ Ռոնալդուն դուրս է մնացել թիմի հայտացուցակից «Չելսի»-ի դեմ խաղի համար, սակայն դրանից հետո կշարունակեն նրա հետ: «Ես բաց եմ դրա համար: Ռոնալդուն շարունակում է մնալ թիմի կարևոր մասնիկը և ես նրա վրա հույս եմ դնում»,- նշել է մանկունյանական ակումբի գլխավոր մարզիչը:

Նա խոսել է նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվող ձեռք բերելու հավանականության մասին՝ նշելով, որ այս պահին նման նպատակ չկա, քանի որ ինքը մինչև մրցաշրջանի ավարտ հույս է դնում Ռոնալդուի վրա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն դուրս է մնացել «Չելսի»-ի դեմ խաղի հայտացուցակից: Այդպիսով ակումբը պատժել է հարձակվողին «Տոտենհեմ»-ի դեմ խաղում ցուցաբերած պահվածքի համար: Այդ խաղի ընթացքում Ռոնալդուն ցուցադրաբար լքել էր պահեստայինների նստարանը, իսկ այնուհետև, չսպասելով հանդիպման ավարտին, հեռացել էր մարզադաշտից: Այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել էր 2-0 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս