Ավելի հպարտ Ազովստալ

Բողոքի դուրս եկող հանրային խմբերը համատարած ասում են` մի’ քաղաքականացրեք, և վստահ են իրենց ճշմարտացիության մեջ։

Պետականության զգացում ունեցող ժողովուրդների բառապաշարում չի կարող լինել «մենք չենք զբաղվում/ես չեմ զբաղվում քաղաքականությամբ» ձևակերպումը։

Իրականում ամեն ինչ քաղաքականություն է` կոշկակարի, բժշկի, վարորդի, ուսուցչի, դասախոսի, տնային տնտեսուհու կողմից ձևակերպված բողոքը, խնդիրը, տրամադրությունը, պահանջը, լուծման հասնելու ճանապարհները. ամեն ինչ քաղաքականություն է։

Սա շատ հին թեմա է, և եթե կհիշեք, մինչև 18 թվականն էլ բոլոր հանրային ուղղորդվող պրոցեսները խորհուրդ էր տրվում չքաղաքականացնել, և ինքնացենզուրան արդյունավետ աշխատում էր։

10 հազար դրամով քվեարկող տասնյակ հազարավոր ընտրողներն էլ չէին զբաղվում քաղաքականությամբ, փողով ընտրվողներն էլ, ռեյտինգային քվեարկությամբ ընտրված պատգամավորներն էլ։

Իսկ հիմա ընդհանրապես ունենք մի վիճակ, երբ Ղարաբաղի հարցն էլ քաղաքականություն չի, միջանցքն էլ, սահմանն էլ, զոհերն էլ։ Այդ ամենն արդեն կենցաղ է։

Ավելին. խորհրդարանական մեծամասնությունն էլ արդեն չի զբաղվում քաղաքականությամբ, քաղաքական ընդդիմությունն էլ, նախկին նախագահների ձևաչափն էլ. ոչ ոք։

Սոցցանցերում ամեն հերթական հիմարություն գրելը, սովորական դարձած` հայհոյանքներով հրապարակային խոսք լսելն ու տարածելը. էս ամենը նույնպես արդեն քաղաքականություն չէ, արդեն մեր կերպարի բաղկացուցիչ մասն է։

Մի վայրկյանում, հրատապ կերպով հակառուսական դառնալը` առանց մտածելու Արցախի 150 հազարանոց հայության անվտանգության մասին, մեծ-մեծ բրդելը նույնպես ոչ թե քաղաքականություն է, այլ` մտավոր-ազգային նեոքոչվորություն։

Իրենց բուհերի միավորման դեմ պայքարող, բայց խնդիրը չքաղաքականացնող ուսանողներին վաղը կարող է սպառնալ Ախունդովի անվան բուհի հեռանկարը: Բայց նրանք կա’մ այդ մասին չգիտեն, կա’մ չեն ուզում իմանալ, կա’մ նրանց լավ չի բացատրվում։

Է, եթե այս երկրում ոչ ոք չզբաղվի քաղաքականությամբ, պարզ է, որ դրանով կզբաղվի Ադրբեջանը։

Եթե խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, ուրեմն Իշխանասարում էլ կռվից 10 րոպե հետո կքվեարկեն ՔՊ-ի օգտին։

Բայց ինչո՞ւ սևեռվել մի փոքրիկ հեռավոր գյուղի վրա։ Մայրաքաղաք Երևանի ընտրած քաղաքապետերին հիշեք` թե’ մինչև 2018, թե’ դրանից հետո։

Ինչո՞ւ այդպես արեցինք, ինչո՞ւ պետություն չտեսած քաղաքացուն կրթելու և նրա մեջ պետական մտածողություն սերմանելու փոխարեն նրան թրաֆիքինգի ենթարկեցինք։ Դա թրաֆիքինգ էր` բառիս բուն իմաստով` 10 հազար դրամից մինչև վարչական ու կրիմինալ ռեսուրսի կիրառում. կասեք` չի եղել նման բան, բայց չէ՞ որ ձայն բերողները, լցնողները, առնողները, ծախողները, հաշվողները այսօր դեռ կենդանի են` որպես պետականության փլուզման կենդանի հուշարձաններ։

Ի դեպ, հաշվողների մասին. մի զարմա՜նք, մի զայրո՜ւյթ` ԿԸՀ նոր նախագահ Վ. Հովակիմյանի շուրջ. ընդդիմությունը նույնիսկ ուզում է բողոքարկել ՍԴ-ում,

իբր` նախորդները, որ ավելի կրթված ու ավելի սահուն էին խոսում, ավելի լա՞վն էին՝ 1995-ից սկսած` բոլորը։ Ինչո՞ւ եմ այս մասին գրում. շատերին կարող է թվալ, որ հիմա ժամանակը չէ կամ տեղին չէ դրա մասին խոսելը, ավելի հրատապ խնդիրներ կան։

Գուցե. ուղղակի ունեմ մի ծանր զգացում, որ հնարավոր է` Հայաստանի ամբողջական տարածքում այլևս չլինեն ընդհանուր համապետական ընտրություններ։

Ու հարցը նույնիսկ այն չէ, որ 10 հազար վերցնող ընտրողը մանաթով էլ կվերցնի, այլ այն, որ պետականության փլուզումների ժամանակ ընտրություններ չեն լինում։ Օրինակ` Արցախում նախագահական և Աժ ընտրություններ գրեթե անհնար է պատկերացնել, Սիրիայում չեն եղել երկար ժամանակ, Ուկրաինայում հնարավոր չէ։ Իսկ Հայաստանը շատ մոտ է այդ ցանկը համալրելուն։

Պետք է արագ մոբիլիզացնել ուժերն ու դառնալ իրոք քաղաքականացված հասարակություն։ Այս խնդիրը պետք է սկսել լուծել կիրառական եղանակներով` դուրս գալով զուտ տեսական քննարկումների տիրույթից։

Հակառակ դեպքում, մեր այս «քաղաքակիրթ», չքաղաքականացված վիճակում մենք վերածվելու ենք հերթական Ազովստալի, որը ոչնչացման կամ լավագույն դեպքում` փոխանակման է ենթակա։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս