Իրանի հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համահունչ ու համարժեք. Կապանում հայտարարել է Իրանի գլխավոր հյուպատոսը

«Հուսով ենք, որ որևիցե երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնել»,- այս մասին այսօր Կապանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդի Վարամին։

Նա ըստ էության հնչեցրեց այն բոլոր ուղերձները, որոնք Իրանը հղում է Հայաստանին ու տարածաշրջանին այն մասին, որ Իրանը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը համարում է սեփական անվտանգությունը, չի ընդունում սահմանների որևէ փոփոխություն, դեմ է օտարերկրյա ուժերի ներկայությանը ռեգիոնում:

Նա Կապանի բնակչությանը խորհուրդ տվեց չանհանգստանալ, քանի որ ինքն արդեն Կապանում է:

Հարցը՝ Հայաստանը դիմե՞լ է արդյոք Իրանին իրանական անօդաչուներ գնելու համար, հյուպատոսը չմանրամասնեց, ասելով, որ կարծում է, թե Հայաստանը երբեք հարձակողական զենքի կարիք չի ունենա:

Իսկ հարցին, թե ի՞նչ գործողությունների է պատրաստ Իրանը, բացի հայտարարություններից, Աբեդի Վարամին պատասխանեց, որ իրենք՝ իրանցիները, ավելի շատ գործի մարդ են, քան խոսքի:

«Մենք հուսով ենք, որ որևիցե երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնել: Հակառակ դեպքում ԻԻՀ կողմից համապատասխան հակազդեցութուն կցուցաբերվի»,- ասաց Վարամին:

Նա նաև հավելեց, թե որպես դիվանագետ՝ կասի, որ Իրանի հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համահունչ ու համարժեք:

Տեսանյութեր

Լրահոս