Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը կդառնա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուօրինակ հանգրվան. Արարատ Միրզոյան
«Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը»,- այս մասին քիչ առաջ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողության ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ողջունելով իրանական կողմին, հյուրերին, Արարատ Միրզոյանն ասաց, որ այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյա բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ:
Նա վստահեցնում է, որ ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունը ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը:
«Անցած 30 տարիներին մեր անցած ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները եղբայրության ու սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով: ԻԻՀ-ն ՀՀ-ի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր, մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտում ամուր կապեր, որոնք, լիահույս ենք, էլ ավելի կխորանան և որակական, գործնական նոր շունչ կստանան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության գործունեության շնորհիվ: Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի նաև հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը: Այն կդառնա երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուօրինակ հանգրվան»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Շնորհավորելով գլխավոր հյուպատոսին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ ևս մեկ անգամ է շնորհավորում պատասխանատու պաշտոնին նշանակման կապակցությամբ, մաղթելով նորանոր հաջողություններ՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների: