Հայաստանի անվտանգությունը համարում ենք Իրանի անվտանգությունը. Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համարում է Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի անվտանգություն:
Ինչպես գրում է mehrnews.com-ը, նա այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
Ամիր Աբդոլլահիանն ասել է. «Ես ուրախ եմ, որ այս այցի ընթացքում ականատես կլինենք Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության վերաբացմանը: Այս զարգացումը Իրանի և Հայաստանի միջև պատմական հարաբերությունների խորության ևս մեկ նշան է»։
Իրանցի նախարարի խոսքով՝ իրենք հստակ հայտարարել են, որ դեմ են կովկասյան տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը:
Նա հավելել է.«Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտությունները մտահոգություններ են ստեղծել տարածաշրջանում: Կովկասյան տարածաշրջանը զգայուն շրջան է ապրում: Մենք կարծում ենք, որ կովկասյան տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականության հարգմանը որպես սկզբունք պետք է լուրջ ուշադրություն դարձվի: Մենք ուրախ ենք, որ Թեհրանի և Երևանի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են և առաջընթաց են ապրում: Հայաստանի անվտանգությունը համարում ենք Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը։ Մենք հստակ հայտարարել ենք մեր անհանգստությունը տարածաշրջանում օտար ուժերի ներկայության պատճառ հանդիսացող ցանկացած գործողության վերաբերյալ»։