26-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում բնակվող 26-ամյա մի երիտասարդ իր մոտ ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Նա հայտնաբերվեց հոկտեմբերի լույս 17-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, Էջմիածնի Կոմիտասի հրապարակի մոտակայքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց «Բայկալ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 11 փամփուշտով և գաղտնի փականով ծալովի դանակ՝ 9 սմ շեղբի երկարությամբ։ Նրա հայտնածով՝ հրազենն ու փամփուշտները գտել էր Արցախում ու պահել մոտը։
Երիտասարդն ու դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։