«Եթե խոսքը չի վերածվում գործողության, դրանից շահում է միայն նիկոլիզմը»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Քանի որ հանրային դաշտում տևական լռությունս ոմանց մետ տարընկալման առիթ է ստեղծում, ասեմ որ պարզապես այլևս անիմաստ եմ համարում խոսելը։ Դրա ժամանակը վաղուց անցել է՝ այդպես էլ չվերածվելով գործողության։ Վերջին շրջանում Հայաստանում չի խոսում (հարցազրույց, մեկնաբանություն, ֆբ–հրապարակումներ) միայն ալարկոտը։ Ուստի, խոսքը ևս արժեզրկվել է ու դարձել է բոլորիս համար ինքնաթերապիայի մեթոդ։

Արդյունքում քաղաքական ճգնաժամի փոխարեն ունենք քաղաքական վակուում։ Ու քանի դեռ չկա քաղաքական ճգնաժամ, չկա նաև իրական ու խորքային փոփոխության օրակարգ։

Ունենք մի կողմից իրեն իշխանություն համարող տգետների խմբակ, մյուս կողմից՝ իր գործառույթները չգիտակցող և խոսելով տարված ընդդիմություն։ Եվ ունենք տոտալ կոնֆորմիզմի մեջ գտնվող հասարակություն, որի մարսողական համակարգը ամեն անգամ ֆանտաստիկ ունակություններ է ցուցադրում։

Արդյունքում Հայաստանում օրեցօր ամրապնդվում է նիկոլիզմը։ Անձամբ ես դա տեսնում եմ ամենատարբեր մակարդակներում։ Այն դրսևորվում է անգրագիտության նպատակային տարածման, հարմարվողականության, բարոյական համասեռամոլության, պատմական ամնեզիայի, հակապետականության և շատ այլ բաների տեսքով։

Այս պայմաններում խոսելն անիմաստ է, քանի որ եթե խոսքը չի վերածվում գործողության, դրանից շահում է միայն նիկոլիզմը։ Կարծում եմ, բոլորս դրանում բազմիցս համոզվել ենք։

Հ.Գ. Առայժմ գտնվելու եմ բացառապես ակադեմիական տիրույթում»։

Տեսանյութեր

Լրահոս