ԵՄ-ն 23 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին

Եվրամիությունը 23 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգմանն ու զարգացմանը: Կառավարության նիստում, ներկայացնելով «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը:

«Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցությամբ կստանան դրամաշնորհներ բիզնեսի արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման խթանման նպատակով»,-ասաց նա:

Մհեր Գրիգորյանի խոսքով` թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը: Կֆինանսավորվեն նաև Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների` այդ թվում արոտավայրերի հասանելիությանը և ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված նախաձեռնություններ»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ կֆինանսավորվի նաև Գյումրիում խոհարարության և հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը:

Համաձայնագրով աջակցություն կտրամադրվի նաև Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, աշխատակիցների կարողությունների զարգացմանը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության և միասնական սոցիալական ծառայությունների զարգացման մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը:

«Օժանդակություն կտրամադրվի նաև միասնական սոցիալական ծառայությունների կենտրոններին` տեխնիկական հագեցման նպատակով: Թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ-հոգեբանական աջակցության նախաձեռնություններին»,-հավելեց Մհեր Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս