Գավառագետի հունը մաքրվել է 4.2 կիլոմետրանոց հատվածում

Գավառ քաղաքում արդեն ավարտի են հասցվել Գավառագետի հունի մաքրման աշխատանքները Արծվաքար թաղամասի եւ Նորատուս գյուղի հատվածներում՝ 4,2 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառագետի հունի մաքրման աշխատանքներն իրականացվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից հատկացված՝ շուրջ 50 միլիոն դրամի շրջանակներում:

Գավառագետի այս հատվածներում վերջին 15 տարիների ընթացքում մաքրում չէր իրականացվել: Մաքրման աշխատանքներ իրականացնող Ներսես Օվչյանի հավաստմամբ՝ 4,2 կիլոմետրանոց հատվածում գետի հունը տիղմից մաքրվել է 1 մետր հաստությամբ, ինչի արդյունքում ոչ միայն հունն է խորացել եւ ջրի հոսքը կարգավորվել, այլ նաեւ գետի ափամերձ հատվածների բնակարանների նկուղային հարկերը եւ տնամերձ հողամասերն են ազատվել խոնավությունից կամ ճահճացման վտանգից։

«Նորատուսի եւ Արծվաքարի՝գետափնյա հատվածում բնակվողները դժվարություններ էին ունենում նաեւ տնամերձերի մշակման հարցում։ Բնակարանները եւս տուժում էին խոնավությունից: Հիմա խնդիրը լուծված է։ Հունը մաքրելիս՝ տիղմից բացի դուրս է բերվել մեծ քանակությամբ կենցաղային աղբ։ Տիղմը եւ կենցաղային աղբը հիմնականում բեռնվել եւ տեղափոխվել են գործող աղբավայր»,-հավաստեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից՝ մեկ անգամ ևս կոչ անելով Գավառագետը կենցաղային աղբով չաղտոտել:

Խոսրով Խլղաթյան

 

Տեսանյութեր

Լրահոս