«Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ուղղություններով Ադրբեջանը բարենպաստ մարտավարական և ռազմավարական բարձունքներում է տեղակայվել. նոր գործողությունների դեպքում գերակշռություն է ապահովել». Շիրազ Խաչատրյան

Մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին, երբեմն՝ թշնամուն լռեցնելու հայկական կողմի գործողությունների մասին:

Այսօր պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որ մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է՝ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են՝ նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:
Այսինքն, ըստ Պաշտպանության նախարարության, Ադրբեջանի ԶՈՒ-ն նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի:

Իսկ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ պաշտպանական գերատեսչությունն «արդարացել» էր Վարդենիսի ուղղությամբ մեր հրետանային միջոցների առկայության հետ կապված, որ այն անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժի ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն:

«Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:
Հայկական կողմի գործողություններն իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել»,- նշվում էր ՊՆ հաղորդագրության մեջ, որտեղ ոչ մի հիշատակում չկա, որ Ադրբեջանը, ըստ էության, իր զինուժը բացազատել է ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հաշվի առնելով 2021-ի մայիսի, նոյեմբերի և այս տարվա սեպտեմբերի ադրբեջանական ներխուժումներն ու առաջխաղացումները:

Որքանո՞վ են ճիշտ պաշտպանական գերատեսչության ձևակերպումները, և առհասարակ ի՞նչ իրավիճակի մասին է հուշում այս ամենը՝ ռազմական և ռազմաքաղաքական առումով:

Այս և այլ հարցերի շուրջ 168.amը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

– Կարող եմ ասել, որ ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրությունները շատ մտահոգիչ են: Ակնհայտ է՝ Բաքուն չի փոխել իր հիմնական ձեռագիրը, և ամեն անգամ այս հաղորդագրություններից կարելի է հետևություն անել՝ ադրբեջանական կողմը տեղեկատվական հող է նախապատրաստում նոր սադրանքների ու նոր ռազմական էսկալացիայի դիմելու համար։

Չնայած այն հանգամանքին, որ հատկապես Արևմուտքից ճնշումներ են բանեցվում Ադրբեջանի ուղղությամբ, բայց դրանք, ցավոք սրտի, սանկցիաների տեսքով չեն, և, բնականաբար, վերջինս տարածաշրջանային, աշխարահաքաղաքական նոր դասավորումների և դիմակայությունների պայմաններում փորձում է իր խաղը խաղալ, իր խնդիրները լուծել, և, անշուշտ, դրանք առաջնահերթ կապված են ՀՀ-ի հետ։

Իսկ ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունների ձևակերպումներին, ըստ իս, մի շարք հայտարարությունների բովանդակություններ պրոբլեմատիկ են, այդ թվում՝ ձեր՝ նշած դիտարկումների առումով, ինչո՞ւ չէ՝ Ադրբեջանի համար նոր ագրեսիայի հիմքերի ստեղծման առումով։ Ուստի Պաշտպանության նախարարության կողմից քաղաքական երանգավորմամբ կամ էմոցիոնալ հայտարարություններ ավելի լավ է չարվեն։

Այս համատեքստում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը թվիթերում գրել էր, որ Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի իր իսկ խախտումները, ինչը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիայի համար պատրվակի ստեղծում: Ըստ այդմ՝ ի՞նչ մասշտաբի ռազմական գործողություններ սպասել և ո՞ր ուղղությամբ։ Որոշ ժամանակ առաջ ՀՀ իշխանությունները բարձրաձայնում էին Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական նոր հարձակման մասին, վերջին օրերի տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններից կարելի է ենթադրել, որ Վարդենիսի ուղղությամբ էլ հնարավոր են նոր հարձակումներ:

– Երբ մշտադիտարկման ենք ենթարկում հատկապես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հնչեցրած հայտարարությունները, ձեռնարկվող քայլերը, ապա ակնհայտորեն երևում է, թե պաշտոնական Բաքուն ինչ ծրագրեր է դրել իր առջև: Նա արագացնում է Հայաստանի հետ տարվող բանակցությունները, խոսում մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագրի կնքման, այնուհետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին: Արցախի հարցն այլևս հանված է երկու պետությունների ղեկավարների օրակարգից, և այս ամենի ֆոնին՝ զուգահեռ՝ ադրբեջանական կողմն իր ռազմական ներկայությամբ՝ և՛ նախիջևանյան հատվածով, և՛ Հայաստանի արևելյան սահմանի ողջ երկայնքով մշտական լարվածության մեջ է պահում հայկական կողմին։ Ադրբեջանն ամեն անգամ նոր լարվածությունների փուլեր է սկսելու՝ կլինի դա բանակցային թե ռազմական սադրանքների տեսքով, իսկ ամեն մի լարվածության փուլից հետո առաջանալու են նոր պահանջներ, դրանց մերժումից հետո՝ նորից ռազմական գործողություններ։ Քանի որ, ինչպես վերևում նշեցի՝ գործընթացները շատ արագ են զարգանում, ուստի հնարավոր էսկալացիաները բացառել չի կարելի։

Փաշինյանի գրառման վերոնշյալ հատվածի վերաբերյալ նշենք, որ, իհարկե, հրադադարի պահպանման ու սահմանների անվտանգության ապահովման համար պետք են միջազգային մեխանիզմներ, դիտորդներ, բայց դրանցով խաղաղություն չես կարող պահել, օրինակները բազմազան են, 50 կամ 100 դիտորդով հարց չես լուծի։ Առաջնահերթ պետք է ունենաս մարտունակ բանակ, իսկ մնացածը դիվանագիտության հարց է, եթե, իհարկե, այսօր կա այդ դիվանագիտություն կոչվածը։

Միջազգային դիտորդների ներկայությունն ի՞նչ ռիսկեր է իր մեջ պարունակում ռազմական առումով, ի՞նչ է տալու սա Հայաստանին, ինչի՞ց կարող է օգտվել Ադրբեջանը, թեպետ իբրև թե դժգոհ են:

– Մի խառնաշփոթ էլ միջազգային դիտորդների ներկայության առնչությամբ է ստեղծվել։ Գիտեք, որ Ալիևը հրաժարվել է միջազգային դիտորդներից, իսկ մեր մոտ մի կողմից՝ Եվրամիության դեսպաններն են Հայաստան ուղարկում քաղաքացիական առաքելություն, մյուս կողմից՝ Լավրովն է հայտարարում, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել այստեղ։ Սա մեր կողմից վարվող քաոսային արտաքին քաղաքականության վառ օրինակ է, ու ստեղծված իրավիճակը ձեռնտու չէ առաջինը հենց մեզ համար։

Այո, սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ռազմական էսկալացիայից հետո ՀԱՊԿ-ի արձագանքն արդյունավետ չէր, դա միանշանակ է, բայց ԵՄ կողմից ուղարկվող մի քանի տասնյակ դիտորդների ներկայություն էլ աշխարհաքաղաքական նոր լարվածություն է ստեղծելու այստեղ։ Մեր հաշվին մեծ առևտուր է տեղի ունենում, և այս դեպքում միակ տուժողը մենք ենք լինելու։ Ներկա իշխանությունները խորքային առումով չեն գիտակցում այս ամենի լրջությունը, և իրենց ձեռնարկած հակառուսական մեծ արշավի, Արևմուտքի հետ կիսատ-պռատ պայմանավորվածությունների արանքում են մնացել՝ երկիրը դարձնելով գեոպոլիտիկ մեծ խաղացողների հնարավոր բախման կիզակետ։ Անգամ սեպտեմբերյան դեպքերից հետո միջազգային հանրության հասցեական կոչերը ադրբեջանական կողմի նկատմամբ՝ դուրս բերելու զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, չտվեցին իրենց արդյունքը, Ադրբեջանը ետ քաշվելու ցանկություն չունեցավ և մինչ այս պահը ակտիվ ամրաշինական աշխատանքներ ու բարենպաստ պայմաններ է ստեղծում հենց մեր սուվերեն տարածքում՝ հետագա հնարավոր գործողություններ վերսկսելու համար։ Չասեմ, արդեն ամենօրյա ռեժիմով սահմանային միջադեպերը։ Այնպես որ՝ կոչերով ու դիտարկումներով դժվար թե ընդհանուր իրավիճակային պատկերը փոխվի։

– Տավուշի, այսպես ասած, անկլավների հարցը հայ-ադրբեջանական օրակարգում է, մասնավորապես, «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, մասնավորապես, ասել էին, որ, այսպես ասած, անկլավների հետ կապված հարցերը դեռ պետք է քննարկվեն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների ընթացքում։ Ի՞նչ սպասել ռազմական առումով տավուշյան ուղղությամբ, ինչո՞ւ չէ՝ Սյունիքի և Ջերմուկի հատվածներում:

Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ շեշտել է, որ ի թիվս բազմաթիվ քննարկվող հարցերի, Տավուշի գյուղերի և Տիգրանաշենի խնդիրը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման շրջանակում։ Մեր իշխանությունները հակասական հայտարարություններ են տարածում՝ մեկ նշում են, թե նմանատիպ հարց օրակարգում չկա, մեկ հայտնում, թե հարցը կարող է լուծվել «անկլավների» փոխանակության միջոցով։

Ամեն դեպքում, բարդ իրադրություն է, և ամեն անգամ ադրբեջանական նոր պահանջների առաջ չպետք է ընկրկել։ Բայց, ցավոք սրտի, Հայաստանի իշխանության համար կարծես այս հարցը ևս սկզբունքային թեմա չէ, և կարող է քննարկման առարկա դառնալ թշնամու հետ բանակցություններում։

Իսկ մնացած՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ուղղություններով, Ադրբեջանը դուրս է եկել և տեղակայվել իր համար բարենպաստ մարտավարական և ռազմավարական բարձունքներում՝ դիտարկման տակ պահելով ու վերահսկողություն սահմանելով ՀՀ ենթակառուցվածքների, ռազմավարական օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, ինչպես նաև՝ հնարավոր նոր ռազմական գործողությունների դեպքում գերակշռություն է ստացել շփման գծի բազմաթիվ ուղղություններով։

Տարբեր ժամանակափուլերում Ադրբեջանի կողմից իջեցված օրակարգերը փոփոխական են, և ըստ այդմ էլ այսօր առաջնային խնդիր կարող է լինել, այսպես կոչված, միջանցքի հարցը, վաղը՝ գուցե «անկլավների» խնդիրը, մյուս օրը՝ Լաչինի միջանցքի խնդիրը, և այդպես շարունակ։ Խնդիրն այն է, որ ամեն անգամ Բաքուն է այդ օրակարգը թելադրողի դերում հանդես գալիս։

Արցախյան հատվածում ադրբեջանական սադրանքների հարցը կարծես երկրորդական պլան է մղվել, Դուք տեղյա՞կ եք, թե արցախյան թևում ադրբեջանական կողմից ուժերի, զորքի, տեխնիկայի ի՞նչ վերադասավորումներ, վերախմբավորումներ են արվել և արվում, ո՞ր ուղղությամբ, արդյո՞ք արցախյան ճակատում ինչ-որ պահի հնարավոր են ռազմական գործողություներ:

– Սեպտեմբերյան ռազմական բախումներից հետո ադրբեջանական շատ ստորաբաժանումներ վերադարձել են իրենց մշտական տեղակայման վայրեր, սպառազինության որոշ խմբաքանակներ ևս ետ են քաշել, բայց այդ հանգամանքը շատ խաբուսիկ է։ Կես ժամվա մեջ կարող է իրադրություն փոխվել։ Այսօր, ինչպես նշեցինք, Ադրբեջանը որպես օրակարգային թեմա՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցն է առաջ բերել, մասնավորապես, իրենց կողմից առաջ քաշված նախապայմանն այն է, որ Լաչինի և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը։

Ըստ ադրբեջանական կողմի, եթե «միջանցքները» չունեցան նույն կարգավիճակը, ապա իրենք կարող են Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետեր տեղակայել։ Դրանով ադրբեջանական կողմը էլ ավելի է բարդացնում և սրում ընդհանուր իրավիճակը։

Զուգահեռ առաջնագծում երկար ժամանակ լարվածությունը պահելու փորձերը Ադրբեջանը շարունակում է՝ մինչև իր կողմից առաջադրած այս կամ այն օրակարգային հարցին լուծում չտրվի։ Իսկ ինչ վերաբերում է ձեր այն հարցին, թե արցախյան ուղղությամբ հնարավոր են ռազմական գործողություններ, նշեմ, որ արցախյան հատվածում էլ ժամանակ առ ժամանակ լարվածություններ, բախումներ լինում են, քանի որ բոլոր խնդիրները փոխկապակցված են իրար հետ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառության մեջ է, ու սպասում են Ադրբեջանի դրական արձագանքին: Ադրբեջանն արձագանքել է` ասելով, որ Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ պատրվակները՝ խուսափելու համար 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու մասին ստանձնած պարտավորություններից։ Ըստ Ադրբեջանի` անցակետերի և անցակետերի բացման 3 տարբերակ առաջարկելն անիրատեսական է:

– Ադրբեջանը, Թուրքիան մերժելու են Հայաստանի կողմից առաջ քաշած ցանկացած նախաձեռնողականություն և առաջ են քաշելու իրենց օրակարգային հարցերը։ Երեք անցակետերի բացման վերաբերյալ ոչ միայն Ադրբեջանն է այդ հարցը անիրատեսական համարում, այլ տպավորություն ունեմ նաև, որ Փաշինյանն է փորձում ինչ-որ իմիտացիոն գործընթացի մեջ մտնել, որ ժամանակ ձգի: Բայց պրոցեսները շատ արագ են զարգանում, պետք է հետևել սահմանային իրավիճակի դինամիկային, ու պարզ կլինի, թե իրականում բանակցությունները ո՞ր ուղղությամբ են ընթանում։

Տեսանյութեր

Լրահոս