Գլխավոր դատախազությունը՝ օրվա սկանդալի մասին՝ տեղեկացված են ԲԴԽ-ն և փաստաբանների պալատը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,- ի պատասխան 168.am-ի հարցի՝ ի՞նչ միջնորդություն է քննվում Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ), պատասխանեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ինչ վերաբերում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մեղսակցության վերաբերյալ հարցին, Գլխավոր դատախազությունից թեև անուններ չտվեցին, բայց ասացին՝ դիմել են Փաստաբանների պալատ:
«Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ: «Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին»,- ասացին Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ ժամեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի մոտից ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Խոսքը, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, վերաբերում է կաշառքին:
Այս պահին ԲԴԽ-ն նույն թեմայի շրջանակներում քննում է դատավոր Արուսիկ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Միաժամանակ քննվում են դատավորի նկատմամբ թե քրեական հետապնդում հարուցելու, և թե նրան ազատությունից զրկելու հարցերը: