Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch
Human Rights Watch կազմակերպությունն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությանը՝ հոդվածում նշելով, որ դա պատերազմական հանցագործություն է, որի համար պետք է մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից բացված հետաքննությունն արդյունավետ լինի։
Կազմակերպությունը վերլուծության է ենթարկել այդ տեսանյութը։ «Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է», – ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
Նա նաև նշել է, որ զինվորները գերի էին ընկել և վայր դրել զենքերը և նրանց գերեվարողները պարտավոր էին նրանց մարդասիրաբար վերաբերվել, փոխարենը, ակնհայտորեն ադրբեջանական ուժերը սառնասրտորեն գնդակահարել են նրանց։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Human Rights Watch-ը ստուգել է 40 վայրկյան տևողությամբ տեսանյութը մի շարք տեխնիկաների միջոցով, այդ թվում՝ խորհրդակցելով զենքի և բժշկական փորձագետների հետ, վերլուծելով տեսանյութում լսվող լեզուն և օգտագործելով հակադարձ որոնման պատկերների համակարգեր՝ պարզելու, թե արդյոք տեսանյութը տեղադրվել է առցանց մինչև սեպտեմբերի կեսը։ Առողջապահության և մարդու իրավունքների ոլորտում փորձագետ Ռոհինի Հաարը, ով Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջության դպրոցի դոցենտ պրոֆեսոր է, Human Rights Watch-ին ասել է, որ կայուն մոտ հեռավորությունից ավտոմատ հրացանի կրակից ողջ մնալու հավանականությունը ցածր է:
Կազմակերպությունը նաև վերլուծել է սեպտեմբերի 13-ի և 14-ի արբանյակային պատկերները և կիրառել մի շարք տեխնիկաներ, այդ թվում՝ եռաչափ մոդելավորում, աշխարհագրական տեղորոշում՝ հստակեցնելու համար, թե որտեղ է տեսագրվել տեսանյութը, սակայն ինքնուրույն չի հաջողվել ստուգել ճշտգրիտ վայրը։