Սիսիանում, ամենայն հավանականությամբ, նոր ընտրություններ կանցկացվեն, ավագանին բոյկոտելու է վաղվա նիստը

Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում տեղի է ունենալու ավագանու նիստ, օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ համայնքի նորընտիր ՔՊ-ական ղեկավար Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը։

168.am-ի տեղեկություններով, սակայն, ավագանին բոյկոտելու է նիստը՝ բավարար 50+1 տոկոս ձայներ չի ապահովվելու, ինչը նշանակում է, որ համայնքապետի երդման արարողությունը տեղի չի ունենա։

Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ անցկացվել են 2022 թվականի սեպտեմբերի 25-ին, անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։

Մանդատների ընդհանուր թիվը 21 է, դրանք բաշխվել էին հետևյալ կերպ՝

Կարդացեք նաև

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 8 մանդատ

«Աշխատանք և արդարություն»՝ 5,

«Ապրելու երկիր»՝ 4,

«Մեկ Հայաստան»՝ 2,

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»՝ 2։

Սիսիանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Արմինե Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ևս տեղեկություններ ունեն, որ ավագանին պատրաստվում է բոյկոտել վաղվա նիստը․

««Ապրելու երկիր»-ը Ֆեյսբուքում հայտարարություն տարածեց, որ ամբողջ խմբակցությունը վայր է  դնում մանդատները։ Այսօր տեղեկություն ստացանք, որ «Աշխատանք և արդարություն» դաշինքը ևս ուզում է վայր դնել մանդատները, բայց այս մասին հստակ պատկերացում կարող ենք ունենալ վաղը՝ ավագանու նիստի ժամանակ։ Եթե իրականում չեն ներկայանում և չի ապահովվում 50+1 տոկոս ձայները, ապա կարելի է ենթադրել, որ առաջիկայում 3 ամսվա ընթացքում պաշտոնակատար կնշանակվի և օրենքով սահմանված ժամկետներում նոր ընտրություններ կանցկացվեն։ Բոլորիս կողմից սպասվող սյուժեն դա է, որ ավագանու անդամները բոյկոտելու են և չեն ներկայանալու նիստին»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Սիսիան խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստի ընթացքում երկու փուլով անցկացված քվեարկության արդյունքում  համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը, պաշտոնի համար առաջադրված «Աշխատանք և Արդարություն» կուսակցությունների դաշինքից՝ Հայկ Առաքելյանը ստացել էր՝ 7, Արմեն Հակոբջանյանը՝ 9 ձայն, փաստորեն Հակոբջանյանին կողմ էր քվեարկել այլ խմբակցության անդամը:

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 12-ի ավագանու  նիստին «Մեկ Հայաստան» խմբակցությունը  հայտարարել էր, որ համայնքապետի թեկնածու չի առաջադրելու, իսկ  նիստին չէր մասնակցում «Ապրելու երկիր» խմբակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս