«Մակրոնն օգտագործում է բակային լեքսիկոն»․ Ալիևը՝ Մակրոնի հայտարարության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն օգտագործում է բակային լեքսիկոն՝ ասելով, որ «Ռուսաստանի Դաշնությունը խաղացել է ադրբեջանական խաղը», tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է NEWS.ru-ն։
Մակրոնի` Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն առ այն, որ Մոսկվան միտումնավոր ապակայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Ադրբեջանի հասցեին մեղադրանքներն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածնքերը, Ալիևն անվանել է «վիրավորական, խաբեբայական, անընդունելի և սադրիչ»:
Բացի այդ, Ալիևն անդրադարձել է հոկտեմբերի վեցին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը՝ ընդգծելով, որ «թեև Ֆրանսիայի նախագահը մասնակցել է դրան, սակայն Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ»։
«Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը «լուծված է» (չակերտները՝ Tert.am), և Մինսկի խմբի ծառայությունների «կարիքը չկա» (չակերտները՝ Tert.am), հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, «արջի ծառայություն էր» (չակերտները՝ Tert.am), ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, «մեր տարածքից» (չակերտները՝ Tert.am) ոչ մի սանտիմետր չազատագրվեց», – ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը, «դրսևորելով բարի կամք, թույլ է տվել Ֆրանսիայի նախագահին մասնակցել այս հանդիպմանը»: