Երևանն ու Բաքուն պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ. սա խաղաղության պայմանագրի հիմքն է. Բայրամով
Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի շուրջ։ Սա խաղաղության պայմանագրի հիմքն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրի հետ կապված, հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որին Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման տարբեր ոլորտների շուրջ։
Բայրամովը նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբում բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի հիման վրա կարևոր է գործնական աշխատանք սկսել հաղորդակցությունների բացման ուղղությամբ։
Նա ասել է, որ արդեն ստեղծվել են սահմանազատման հանձնաժողովներ, այս պահին երկու հանդիպում է կայացել։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել երրորդ հանդիպումը։