«Ադրբեջանը շտապում է, որովհետև երկրորդ Փաշինյան չի լինելու Հայաստանում ևս 1000 տարի». Արմինե Ադիբեկյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական խմբի տեղակայումը չի զսպի Ադրբեջանին:

«Միջազգային հանրությունը իրավունք չունի ասել Ալիևին՝ ինչ անել, այսօրվա իրավիճակը հենց այդպիսին է, որովհետև Եվրոպան գտնվում է շատ խորը կախվածության մեջ Ադրբեջանի նավթից, ինչը հավասար է անձամբ Իլհամ Ալիևին: Այսինքն՝ Իլհամ Ալիևը, ինչպես ժամանակին Վլադիմիր Պուտինը Եվրոպային զսպում էր կամ իր կամքն էր թելադրում՝ սպառնալով գազի փականը փակել, նույնն անում է Ալիևը: Ոչինչ չի փոխվելու, ասեմ ավելի՝ Ադրբեջանն էլ ավելի սանձարձակ քայլերի է դիմելու, իմանալով, որ նրան դիմադրող չի լինելու»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ Ռուսաստանի դեպքում Եվրամիությունը սկսեց բավականին կոշտ դիրքորոշում որդեգրել, և նրանք ասում են, որ իրենց համար եվրոպական արժեքներն են ամենակարևորը, արդյո՞ք Ադրբեջանի դեպքում էլ այդպես չի լինի ինչ-որ մի փուլից, նա պատասխանեց. «Ոչ, որովհետև արժեքն՝ արժեքներով, իսկ տաք բնակարանները և ձեթը՝ խանութներում, ինքն իրենով: Եվրոպան կարող է իր արժեքների մասին խոսել՝ Ռուսաստանի դեմ ունենալով Ադրբեջանի գործոնը, այսինքն՝ ալտերնատիվ էներգատարների ուղիներ»:

Հետաքրքրվեցինք՝ չի՞ չափազանցնում Ադրբեջանի դերը՝ հաշվի առնելով, որ այդքան մեծ ռեսուրսներ չունեն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպան ուրիշ տարբերակ չունի, ապա նա խաղում է որոշակի ակտուալ դեր: Հիմա այդ դերը չափազանցված է, թե թերագնահատված, դա ուրիշ հարց է, ձմեռը ցույց կտա: Բայց երբ Եվրոպան վեհ արժեքներից խոսելիս՝ հանդուրժում է այն այլանդակությունները, որոնք տիրում են մեր տարածաշրջանում, և այն ամենը, ինչ անում է Իլհամ Ալիևը, թույլ տվեք՝ ես լուրջ կասկածներ հայտնեմ եվրոպական արժեքների վերաբերյալ:

ԵՄ դիտորդների տեղակայումը բացարձակապես որևէ բան չի փոխի, որովհետև դիտորդները չեն գտնվելու այն վայրերում, որտեղ հնչելու են կրակոցներ, և սպանվելու են մարդիկ, նրանք նստելու են Երևանում կամ, լավագույն դեպքում, մարզկենտրոններում, որոնք քիչ թե շատ անվտանգ են, ես դժվարանում եմ ասել՝ ինչպես են նրանք չափելու՝ ով է սկսել, ով է մեղավոր, ով է պատասխանատուն, և այլն: Դրանք լինելու են ստանդարտ, հերթապահ գրություններ առ այն, որ կողմերը կրկին խախտել են հրադադարը, և կոչ անեն կողմերին՝ վերադառնալ բանակցային սեղան»,- ի պատասխան՝ ասաց նա:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:

Արմինե Ադիբեկյանի գնահատմամբ՝ դրանով Ադրբեջանը Փաշինյանին է մեսիջներ հղում, որ ստորագրի այն փաստաթուղթը, որը, ըստ նրա՝ բխելու է Ադրբեջանի շահերից. «Ադրբեջանը շտապում է, որովհետև ինչպես նախկինում եմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար նվեր է, երկրորդ Նիկոլ Փաշինյան Հայաստանում չի լինելու ևս հազար տարի, և նրանք փորձելու են կթել այս իրավիճակից և Նիկոլ Փաշինյանից այն մաքսիմումը, որը նրանք կստանան և որը գրեթե հավերժ ծնկի կպահի Հայաստանին և հայ ժողովրդին՝ բերելով մեզ կործանման»:

Նա նկատեց՝ Ադրբեջանն ունի բացահայտ, ստույգ և անթաքույց պլան՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է դադարի գոյություն ունենալ, իսկ հայ ժողովուրդը պետք է տեղափոխվի ուրիշ տեղ, այլ ոչ այս տարածաշրջանում. «Մարդիկ չեն էլ թաքցնում դա, բացահայտ ասում են՝ Հայաստանը երբեք ոտքի չի կանգնի և կոչնչացվի քարտեզի վրայից»:

Ինչ վերաբերում է Հայաստանում հակառուսական տրամադրություններին և Արևմուտքի ակտիվությանը, նա շեշտեց, որ Եվրոպան Հայաստան զորք չի ուղարկելու. «Այստեղ մտնելու է թուրքական զորքը, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, ու մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ ՀԱՊԿ, կա՛մ ՆԱՏՕ, իսկ ՆԱՏՕ-ն ո՞վ է մեր տարածաշրջանում՝ Թուրքիան: Մենք ուզո՞ւմ ենք թուրքական զորք մեր տարածքում՝ հաշվի առնելով, որ նրանք մեզ չեն պաշտպանելու՝ ոչնչացնելու են, օգտագործելու են այդ պատրվակը, որ իրենց նախշուն գործը էլ ավելի ոչ ռեսուրսատար միջոցներով իրականացնեն: Մենք ունենք մեծ խնդիր, որ ինչ-որ մի զանգված փողով կամ հոգու պոռթկումով ինչ-որ լավ-լավ բաներ է ուզում, բայց բացարձակապես չի մտածում հեռանկարների մասին:

Նրանք բացարձակապես չեն կարողանում հաշվել ռիսկերը և իրենց քայլերի հետևանքները, ես գիտեմ՝ ինչով է բացատրվում արևմտամետների ոգևորությունը, բայց գիտեմ մի բան, որ նրանք ի վիճակի չեն հաշվարկել գոնե մեկ տարվա կտրվածքով մեր հեռանկարները: Հետևաբար, նման մարդկանց ակտիվությունն իր մեջ ավելի շատ վտանգ է պարունակում, քան ռացիոնալ տարր, որից կարելի է բռնել և այդ կծիկը քանդել»:

Կառավարության վերջին նիստում Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ եռամսյա հավաքներ այլևս չեն լինելու, փոխարենը՝ կանցկացվեն 25-օրյա հավաքներ, որոնք պարտադիր կլինեն Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: 7 օր զինվորական պատրաստություն անցնելուց հետո այդ մարդիկ պետք է 14 օր մարտական հերթապահություն անցկացնեն: Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ այս նախաձեռնությունը ներքին խնդիր լուծելու համար է. «Բոլոր այն մարդիկ, որոնք Ֆրանսիայի հրապարակում հավաքված էին և պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, այդ մարդկանց հեռացնում են քաղաքից և տանում են դիրքեր՝ հույս ունենալով, որ այդ մարդիկ իրենց ցեղակիցների կողմից կսպանվեն:

Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսին, երբ գրեթե բոլոր ընդդիմադիր տղամարդկանց հավաքեցին և տարան եռամսյա հավաքների, և մենք գրեթե ամեն օր լուրեր էինք ստանում, որ մարդ է զոհվել կամ հանկարծամահ եղել: Այսինքն՝ ոչ թե անվտանգային խնդիրներ են լուծում, այլ կոնկրետ իրենց իշխանությունը պահելու խնդիրն են լուծում՝ «վտանգավոր» էլեմենտներին մեկուսացնում են սարերում: Նրանք այնպիսի մարդկանց են զորակոչել, որոնք շատ ակտիվ ընդդիմադիր գործիչներ են, բայց ունեն լուրջ առողջական խնդիրներ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս