ՌԴ միջամտությամբ նախարարների մակարդակով հանդիպումը կուրվագծի ՌԴ միջնորդությամբ գործընթացի հետագա ճակատագիրը. վերլուծաբան
Հոկտեմբերի 13-14-ը Վլադիմիր Պուտինը Ղազախստանում մասնակցում է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովին, ինչպես նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որոնց շրջանակում կքննարկվի նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Հոկտեմբերի 12–ին հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ռուսաստանը մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել հերթական եռակողմ գագաթնաժողովն անցկացնել՝ երեք երկրի ղեկավարների մասնակցությամբ, մոտ ապագայում, հուսով ենք, կհամաձայնեցնենք ժամկետները»,- ասել է Ուշակովը։
Նա նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
«Տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին Ռուսաստանի նախագահի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»,- ասել է Ուշակովը:
ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին փորձում են միջամտել արտատարածաշրջանային մի շարք խաղացողներ, մասնավորապես՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը, որոնք, Ուշակովի համոզմամբ, հիմնականում օգտագործում են Մոսկվայի ձեռքբերումները։
Նա նաև հայտնել էր, որ Աստանայում Պուտինը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ում հետ վերջին անգամ հանդիպել է հոկտեմբերի 7-ին, Սանկտ Պետերբուրգում, սակայն պայմանավորվել են ավելի հանգամանալից հանդիպում ունենալ Աստանայում:
Նրա խոսքով, երկրների հարաբերությունները զարգանում են կառուցողական ճանապարհով։
Ըստ նրա, բանակցություններում կքննարկվեն ոչ միայն երկկողմ համագործակցությունը, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը «ակտիվորեն և ամեն կերպ նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։
Նշենք, որ նախօրեին էլ Աստանայում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որը շատ քննարկվեց: Այսօր էլ Աստանա է մեկնել Նիկոլ Փաշինյանը, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին ասել է, թե «Էրդողանն աշխարհում թերևս միակ լիդերն է, ով կարող է մի սեղանի շուրջ նստեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, իր հերթին, երեկ ասել է, որ հանդիպման ընթացքում «անդրադարձ կլինի երկկողմ հարաբերություններին, Ուկրաինային և ընթացիկ իրավիճակին»: Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս հանդիպել է Իրանի առաջնորդի հետ: Հարևան երկրների առաջնորդների առանձնազրույցը տեղի է ունեցել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության ֆոնին, ըստ որի՝ երկրի զինված ուժերը առաջիկա օրերին զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի մերձակայքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Աստանայում տեղի կունենա Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում այն հայտարարությունների ֆոնին, թե կա պայմանավորվածություն մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, և դա ձեռք է բերվել արևմտյան միջամտությամբ:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը նշեց, որ Ռուսաստանն իր թուլացած դիրքերը վերականգնելու փորձ է անում: Սակայն, նրա կարծիքով, դա սկզբունքային նշանակություն ունեցող հարց չէ Ռուսաստանի Դաշնության համար:
«Գուցե փորձ արվի գործընթացը վերադարձնել Մոսկվայի հովանու ներքո, բայց դա կախված չէ, օրինակ, միայն Հայաստանի կամքից, դա կախված է Ադրբեջանից, Ադրբեջան-Արևմուտք, Թուրքիա-Արևմուտք և ՌԴ-Թուրքիա հարաբերություններից: Սակայն որպեսզի այդ փորձը հաջողվի, հարկավոր է նաև ինտենսիվ աշխատանք ու հետևողականություն, որի ռեսուրսը ՌԴ-ն կարծես չունի և, բացի Ուկրաինայից, այլ ռեգիոններում աշխատում է «խնայողական ռեժիմով»:
Այս իրավիճակից որ երկիրը պետք է օգտվի, օգտվում է Արևմուտքի գործուն միջամտությամբ: Իսկ Ռուսաստանն այսօր շարժվում է այլ դիրքերից:
Հաշվի առնելով հանգամանքը, որ երկար դադարից հետո ՌԴ միջամտությամբ երկու հանդիպում է նախատեսվում, գոնե առաջինը՝ նախարարների մակարդակով հանդիպումը, կուրվագծի ՌԴ միջնորդությամբ գործընթացի հետագա ճակատագիրը: Իսկ այդ գործընթացում մնացել է տարածաշրջանային ապաշրջափակման և սահմանազատման հարցերը, որոնք Բրյուսելը ևս ջանացել է տեղափոխել Բրյուսել»,- ասաց նա: