
Մոսկվան տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից ՌԴ–ին դուրս մղելու ԵՄ ջանքերը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտնել է, որ Մոսկվան տեսնում է ԵՄ–ի հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, դուրս մղելու Ռուսաստանին:
Նա նաև նշել է, որ Եվրոպական Միությունը դեռևս պաշտոնապես որոշում չի կայացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հումանիտար առաքելություն տեղակայելու վերաբերյալ:
«Բաքվի ու Երևանի հաշտեցման, տարածաշրջանում ամուր խաղաղության, երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումն է»,- նշել է Զախարովան, հավելել՝ Մոսկվան պարբերական շփումներ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ:
Զախարովայի խոսքով՝ այդ առումով կօգտագործվի նաև Աստանայում ԱՊՀ արտգործնախարարների առաջիկա նիստի հնարավորությունը: