Ողջ հայությունը պետք է դիրքորոշում հայտնի՝ արդյո՞ք համաձայն ենք Հայաստանին պարտադրվող ամբողջական կապիտուլյացիայի և Արցախը Հայաստանից հիմնովին անջատելու հետ. Աննա Կոստանյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում փաստաթուղթ է հրապարակել, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Պրոռուսական ալիքներով արդեն մի քանի ժամ է մի փաստաթուղթ է շրջանառվում, որը եռակողմ բանակցությունների շուրջ պարտավորություններ է իրենից ենթադրում։

Հիշում ենք՝ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Հայաստանի Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։

Ըստ այս շրջանառվող փաստաթղթի՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որով Հայաստանն ու Ադրբեջանը մինչև տարվա վերջ պետք է ավարտին հասցնեն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ավարտեն դելիմիտացիայի գործընթացը, իսկ Ադրբեջանը պետք է ներկայացուցիչ նշանակի, որը կաշխատի ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԷԹՆԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ (ուշադիր ձևակերպմանը) կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ իրականացնելով Արցախի քաղաքացիների իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։

Սա նշանակում է, որ Հայաստանն ամբողջովին ու վերջնական միայնակ է թողնում Արցախն ու նրա բնակիչներին՝ իրենց վերաբերող խնդիրների լուծման մեջ։

Այս փաստաթուղթը, որն ըստ էության նշանակում է Ռուսաստանի ամբողջական դուրս մղում տարածաշրջանում Հայաստան-Արցախ գործընթացների տիրույթից, ամբողջովին կտրում է Հայաստանին Արցախի հարցի հետագա զարգացումներից։ Ու եթե այս փաստաթուղթն իսկապես գոյություն ունի, ողջ հայությունը պետք է դիրքորոշում հայտնի՝ արդյոք համաձա՞յն ենք մենք Հայաստանին պարտադրվող ամբողջական կապիտուլյացիայի և Արցախը Հայաստանից հիմնովին անջատելու հետ, թե ամեն դեպքում կկարողանանք կամքի ուժ ու համարձակություն գտնել մեր մեջ՝ ասելու ՈՉ այս իշխանության պարտադրած ազգակործան քաղաքականությանը։ Սա մեզ պարտադրած աղետի վերջին փուլն է․ գոյություն կունենա՞նք մենք որպես արժանապատիվ ազգ, թե ոչ, կախված է մեզանից յուրաքանչյուրից»։

Տեսանյութեր

Լրահոս