«Ի՞նչ էր հասկացնում Ալեն Սիմոնյանը». Արգիշտի Կիվիրյան

«Երբ տեղի է ունենում աշխարհակարգի վերափոխում, ըստ դրա՝ ձևավորվում են ճամբարներ: Գերտերություններից ավելի ցածր կանգնած երկրները փորձում են տեղավորվել այդ ճամբարներում:

Այսօր Իրանը միակ պետությունը դարձավ, որն այս պատերազմում ՌԴ-ին ռազմական օգնություն ցուցաբերեց (Բելառուսիան hաշիվ չէ, քանի որ այնտեղ միութենական պայմանագիր կա)»,- «Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» խորագրով քննարկման ժամանակ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Վերլուծաբանի կարծիքով, սակայն, Հայաստանը, հակառակը՝ փորձում է դիրքավորվել ոչ թե իր հիմնական դաշնակցի՝ ՌԴ ճամբարում, այլ հակառուսական, ըստ այդմ, նաև հակաիրանյան ճամբարում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

«Անգամ այսօր կարծեմ մամուլում գնաց, որ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, այսպես կոչված (ցավում եմ, որ ցիտում եմ իրեն. ուղղակի պաշտոն է զբաղեցնում),  Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ՝ մենք չենք կարող հույսներս դնել երկարաժամկետ պաշտպանական համակարգերի վրա:  Այսինքն՝ ինքը հասկացնում է, որ մենք պետք է շատ կարճաժամկետ առումով գնանք ինչ-որ լուծումների:

Իսկ մենք գիտենք, որ սեղանին դրված է հայ-ադրբեջանական խնդրի լուծման երկու փաթեթ: Մի փաթեթը ռուսականն է, որը նախատեսում է մասնավորապես Արցախյան հարցի սառեցում, մնացած հարցերի հերթականությամբ լուծում,  և կա արևմտյան փաթեթը, որը նախատեսում է փաթեթային բոլոր հարցերի լուծում: Իսկ փաթեթային բոլոր հարցերի լուծումն էլ այն է, ինչը հայտարարեցին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը:

Փաշինյանը և իր թիմը հայտարարեցին, որ Հայաստանի սահմանները այդ 29․800 քառ․ կմ-ն է, իսկ իր թիմից էլ հայտարարեցին, որ մենք էլ ռեսուրս չունենք Արցախը պահելու համար: Այդ պարագայում էլ Իլհամ Ալիևը բացեիբաց  հայատարեց, որ այնտեղ ապրում են Ադրբեջանի քաղաքացիներ, և թե մենք Ադրբեջանի քաղաքացիներից ոնց կխոսենք, երբ կխոսենք, ինչ ձևով կխոսենք, մեր ներքին հարցն է:

Այսինքն՝ ակնհայտ երևում է, որ փաթեթով լուծման տարբերակն Արցախն Ադրբեջանի քմահաճույքին հանձնելու տարբերակն է: Ընդ որում, Արցախում չեն ապրում Ադրբեջանի քաղաքացիներ. Արցախում ապրում են ՀՀ քաղաքացիներ: Այսինքն՝ հենց ՀՀ-ն հայտարարում է՝ ինքը ռեսուրսներ չունի, հայտարարում է, որ ռեսուրսներ չունի պաշտպանելու իր քաղաքացիների մի հատվածին: Այդ մարդիկ ունեն ՀՀ քաղաքացու անձնագիր, և ըստ դրա՝ իրենց վրա է տարածվում ՀՀ պաշտպանության անձրևանոցը»,- մանրամասնեց Արգիշտի Կիվիրյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս