«Փորձ է կատարվում միաբևեռ աշխարհը փոխարինել երկբևեռ աշխարհով». Արգիշտի Կիվիրյան
«Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» թեմայով քննարկման ժամանակ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը նշեց՝ այսօր գտնվում ենք փուլում, երբ փորձ է կատարվում միաբևեռ աշխարհը փոխարինել երկբևեռ աշխարհով:
«Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորվել էր երկբևեռ աշխարհ, որը տևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը: Սովետական Միության կայսրության փլուզումից հետո աշխարհը դարձել էր միաբևեռ: Միաբևեռ աշխարհում տիրում էր ԱՄՆ-ը. բայց ինչ-որ ժամանակ անց ՌԴ-ն փորձ է կատարում վերականգնել իր դիրքերը, դրան միացան Չինաստանն ու տարածաշրջանային մի շարք գերտերություններ,- հիշեցրեց վերլուծաբանը՝ նկատելով,- սա կավարտվի նրանով, որ վերջում ով կենդանի կմնա, կնստի բանակցությունների սեղանին, քանի որ բոլոր պատերազմները տարիներ անց ավարտվում են բանակցություններով»:
Վերլուծաբանի կարծիքով՝ նոր աշխարհակարգի ստեղծման արդյունքում ձևավորվելու են նոր սահմաններ, դաշինքներ և մոդելներ, իսկ այս իրավիճակից շահող դուրս կգան ռազմական, քաղաքական առումով պատրաստվածները. «Ցավոք սրտի, Հայաստանն այդ իրավիճակին մոտեցավ ամենավատագույն պատրաստված՝ քաշային առումով»:
Այս համատեքստում անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Արգիշտի Կիվիրյանը նկատեց, որ այն ռուսական պրոյեկտի պայքար է:
«Գլոբալ առումով, դրված է Մոսկովյան պրոյեկտը և Կիևյան Ռուսի պրոյեկտը,- ասաց նա, ապա պարզաբանեց, որ Ռուսաստանն Ուկրաինայի մեջ վտանգ է տեսնում ոչ միայն ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցությամբ պայմանավորված, այլև՝ գաղափարախոսական մակարդակում,- Ուկրաինան ժամանակ առ ժամանակ իրեն փորձում է ներկայացնել որպես այլընտրանքային Ռուսաստան: Սրա մասին կան բազմաթիվ ուսումնասիրություններ: Այս հարցին էր անդրադարձել նաև Պոլ Գոբլը՝ զարգացնելով հենց այն միտքը, որ Ուկրաինան կարող է դառնալ այլընտրանքային Ռուսաստան, և այդտեղից կարող է սկսվել բուն Ռուսաստանի փլուզումը»:
Մանրամասները՝ տեսանյութում



